Թուրքիայում ՆԱՏՕ «Ծովային պահապաններ» (Operation Sea Guardian) զորավարժություններրին մասնակցել են Վրաստանի սահմանապահ ոստիկանության և ափային պահպանության տասնմեկ սպաներ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը։
Թուրքիայի ռազմածովային ուժերի հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները նույնպես մասնակցել են վարժանքներին, որոնք տեղի են ունեցել հունվարի 21-ից փետրվարի 9-ը։ Մասնակիցները տեղակայվել են Թուրքիայի ռազմածովային ուժերի «TCG Gaziantep (F-490)» ֆրեգատում։
ՆԱՏՕ «Ծովային պահապաններ» գործողությունը ներկայում դաշինքի հովանու ներքո անցկացվող միակ մշտական ծովային գործողությունն է։ Հիմնական նպատակներն են ծովային տարածքում ահաբեկչության դեմ պայքարը, ազատ և անվտանգ նավարկության խթանումը, ինչպես նաև ծովային անվտանգության կարողությունների զարգացումն ու ամրապնդումը։
Նշենք, որ անցյալ տարվա նոյեմբերի 21-ին Թբիլիսիի և Անկարայի միջև ստորագրված տեխնիկական համաձայնագրի համաձայն՝ Վրաստանը ստացել է ՆԱՏՕ «Ծովային պահապաններ» գործողությանը մասնակցելու իրավունք։
News.am
