Դիմում ենք ադրբեջանական իշխանություններին՝ առաջիկայում զարգացնելու ներկայիս դրական դինամիկան և ազատ արձակելու Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բոլոր հայ կալանավորներին։ Այս մասին ասված է Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարության մեջ, որը տարածել է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։
«Սոցիալիստական ինտերնացիոնալն իր վրդովմունքն ու խոր մտահոգությունն է արտահայտում փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանի կողմից հայտարարված որոշման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքում դեռևս պահվող և նախկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ձերբակալված 19 հայ կալանավորներից 15 -ի նկատմամբ երկարատև ազատազրկման պատիժների նշանակման վերաբերյալ։
Այս վճիռը, որը ներառում է հինգ ցմահ ազատազրկման դատավճիռ, հակասում է խաղաղության և հաշտեցմանն ուղղված ջանքերի ոգուն։
Մենք արձանագրում ենք այն փաստը, որ ադրբեջանական ղեկավարությունը, ստորագրելով Վաշինգտոնի հռչակագիրը, կատարել է կարևոր քայլ՝ առաջին անգամ տասնամյակների ընթացքում թույլ տալով բեռների տարանցումը իր տարածքից դեպի Հայաստան։ 2026 թվականի հունվարին ազատ են արձակվել չորս հայեր, որոնք Ադրբեջանում կրում էին ազատազրկման պատիժներ՝ 2020 և 2023 թվականներին ձերբակալվելուց հետո։
Այս ոգով, միացնելով մեր ձայնը միջազգային այլ կառույցների ձայնին՝ մենք դիմում ենք ադրբեջանական իշխանություններին՝ առաջիկայում զարգացնելու ներկայիս դրական դինամիկան և ազատ արձակելու Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բոլոր հայ կալանավորներին։ Նման քայլը կհանդիսանա բարի կամքի նշանակալի դրսևորում և էապես կնպաստի կայունությանը Հարավային Կովկասում։
Սոցիալիստական ինտերնացիոնալը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է սոցիալ-դեմոկրատական, սոցիալիստական և աշխատավորական կուսակցություններ։ Այն միավորում է 132 քաղաքական կուսակցություններ և կազմակերպություններ ավելի քան 100 երկրներից՝ բոլոր մայրցամաքներից։ ՀՅ Դաշնակցության համապատասխան կառույցները լիիրավ անդամներ են Սոցիալիստ ինտերնացիոնալ կանանց (SIW) և Սոցիալիստ երիտասարդության համաշխարհային միության (IUSY) մեջ։
News.am
