Логотип

Արամ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ․ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՐՈՇՄԱՄԲ ԿԱՐՈՂ Է ԸՆՏՐՎԵԼ ՎԱՐՉԱՊԵՏ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետին ներկայացվող պահանջները որոշում է ժողովուրդը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյան։

Նա, մասնավորապես, հայտարարել է. «2026 թվականի փետրվարի 12-ից նկատվեց այն հանգամանքը, որ մի շարք անձինք սկսեցին խոսել սահմանադրության պահպանման, սահմանադրության կայունության և նման մի շարք այլ հարցերի մասին, իբրև պաշտպանելով սահմանադրությունը այն հայտարարությունից, որ Սամվել Կարապետյանը լինելու է ՀՀ վարչապետի թեկնածու։

Հարցը առաջացավ, քանի որ Նարեկը Կարապետյանը հայտարարեց, որ ճանապարհը, որով պատկերացնում ենք, որ Սամվել Կարապետյանը լինի Հայաստանում վարչապետ կամ վարչապետի թեկնածու, սահմանադրության փոփոխությունն է։

Սահմանադրության փոփոխությունը տեղի է ունենում մի քանի ճանապարհներով, դրանցից ամենահայտնին հանրաքվեի ճանապարհն է, երբ ՀՀ իշխանության կրողները, ՀՀ քաղաքացիները մասնակցում են հանրաքվեին այո կամ ոչ ասելով սահմանադրության փոփոխությանը կամ նոր խմբագրությամբ նոր սահմանադրության ընդունմանը։

Բայց ՀՀ սահմանադրությունը մեկ այլ մեխանիզմ ևս նախատեսում է՝ սահմանադրության փոփոխություն Ազգային ժողովի երկու երրորդի կողմից։ Այս ինստիտուտն, ի դեպ, ներդրվեց 2015 թվականի սահմանադրության փոփոխությունների արդյունքում։

Սահմանադրության մեջ կան հոդվածներ որոնք իրենց էությամբ ձևով և բնույթով ավելի ճկուն են, ավելի հեշտ ճանապարհով կարող են փոփոխվել։ Այդ հոդվածների ցանկում է 148 րդ հոդվածը որը ներկայացնում է կառավարության անդամներին ներկայացվող պահանջների վերաբերյալ կարգավորումները»։

Արամ Վարդևանյանը նկատեց, որ թեև գործադիր իշխանության քաղաքականությունը, գործադիր իշխանությունում ծառայությունը, պարտականություններ ստանձնելը տարբերվում է ԱԺ պատգամավորի աշխատանքից, բայց սահմանադրության այս պահի դրությամբ գործող կարգավորումներով ներկայացվող պահանջները նույնական են։ Որքանո՞վ է սա ճիշտ։

2020–ի փետրվար-մարտ ամիսներին ՀՀ–ում օրակարգային «ամենակարևոր» հարցը համարվում էր ՍԴ կազմի փոփոխության և ՍԴ նախագահի պաշտոնավարման դադարեցման հարցերը։ Այդ ժամանակ նույնիսկ հանրաքվեի հարց էր քննարկվում և արդեն նախապատրաստվում էին հանրության տարբեր ներկայացուցիչներ հանրաքվեի քարոզարշավին։ Նույնիսկ քարոզարշավը մեկնարկել էր, պարզապես սկիզբ առավ կորոնավիրուսի համավարակը և այդ հանրաքվեն չեղարկվեց։ Եվ պարզապես ԱԺ պատգամավորների 1/4–ի նախաձեռնությամբ և 2/3 կողմ ձայների հիման վրա ընդունվեց ՀՀ սահմանադրության փոփոխություն ԱԺ–ի կողմից։

Զարմանալի է, որ Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխության առաջարկը հիմնականում քննադատվեց կամ թիրախավորվեց իշխանական ներկայացուցիչների կամ վերջիններիս կարծիքը աջակցողների կողմից։

Բայց մենք ունենք նախադեպ՝ 2020–ի հունիսի 22–ին ԱԺ–ի կողմից սահմանադրության փոփոխությունը։ Ի դեպ այդ սահմանադրական փոփոխության արդյունքում ՍԴ փոփոխվեց, ՍԴ նախագահը իր պաշտոնից փաստացի զրկվեց և նման գործողությունները եղել են մեր հանրության աչքի առջև։

Ուղղակի մեկ հիմնական տարբերությամբ. այս անգամ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ի սկզբանե ներկայացվեց այդ ճանապարհային քարտեզը։ Այսինքն որոշակի իմաստով ժողովուրդը իր իշխանությունը իրացնելու է նշված հնարավորությունը ընձեռելով։ Այսինքն սահմանադրության նշված փոփոխության հարցը հենց ի սկզբանե քննարկման առարկա է հանդիսանալու հանրության կողմից»,– հայտարարեց փաստաբանը։

Նա անդրադարձավ նաև նրան, թե ինչու է Սամվել Կարապետյանի ուղերձը ներկայացվել արհեստական բանականության միջոցով. «Իմ կողմից ներկայացվել էր դիմում, հարցում քննչական մարմնին և դատախազությանը, թե արդյոք Սամվել Կարապետյանը կարո՞ղ է տեսաուղերձով հանդես գալ։ Կարծում եմ՝ դա մերժելու որևէ ողջամիտ հիմնավորում էլ չէր կարող լինել, բայց բոլոր դեպքերում նրանք մերժեցին, չտվեցին նման հնարավորություն։

Թույլ չտալը կարծում եմ՝ ոչ միայն քաղաքական հետապնդման, այլ քաղաքական գործընթացի հակմրցակցային վարքագիծ է։ Քաղաքական մրցակցության հավասարության տեսանկյունից այս աբսուրդային հետապնդումը կարող է և պետք է րոպե շուտ դադարեցվի։ Դրանով մենք կունենանք իսկապես առնվազն նախընտրական, քաղաքական գործընթացի, մրցակցության տեսանկյունից ողջամիտ պայմաններ»։

News.am