Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը Սրբոց Վարդանանց զօրավարաց տոնի առիթով հղած Հայրապետական պատգամում անդրադարձել է Ավարայրի ճակատամարտի խորհրդին ու նշանակությանը՝ ընդգծելով, որ այսօր ավելի քան երբևէ հայ ժողովուրդը նոր Վարդանանց և նոր Ղևոնդյանց կարիքն ունի:
Նրա խոսքով՝ 451 թվականի Ավարայրի ճակատամարտը հայոց պատմության մեջ մնաց իբրև քրիստոնյա հայի ինքնության վերահաստատման և ազգային գոյության հավերժության խորհրդանշական պատերազմ, որը մղվեց «զհավատոյ և զհայրենեաց» նշանաբանով՝ Վարդանի սրով և Ղևոնդի խաչով եկեղեցին դարձնելով քաղաք ու պետություն:
«Արդեն իսկ լսվում է. «Վարդանանց պատերազմը կշարունակվի, այո՛, կշարունակվի»: Այսօր Ավարայրի դաշտը ընդարձակվել է: Անցյալը հիշել չի նշանակում միայն ժամանակագրությամբ հիշել ու անցնել: Անցյալը նշանակում է ապրել իր տագնապով, հավատքով, հոգով ու տեսլականով», – նշել է Վեհափառ Հայրապետը:
Արամ Ա-ն իր խոսքում ընդգծել է, որ Վարդանանց տոնը հայ ժողովրդի համար և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում նշանակում է հավատարիմ մնալ մեր ազգային իդեալներին ու խորհրդանիշներին:
«Այսօր Վարդանանց սրբերի հիշատակը մեր ժողովրդի համար և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում նշանակում է հավատարիմ մնալ Վարդանանց ու Ղևոնդյանց սրբազան ավանդույթին, որևէ ժամանակից ավելի, այսօր մեր ազգը հրամայական կարիքն ունի նոր Վարդանանց ու նոր Ղևոնդյանց երևան գալու՝ սուրբ խաչով, անխոս հավատքով, հայրենիքի համար նվիրումով ու կամքով՝ Հայաստանը և մեր ժողովուրդը ամեն փորձությունից պաշտպանելու», – ասված է պատգամում:
Ամփոփելով իր խոսքը՝ Արամ Ա. Կաթողիկոսը շեշտել է, որ այսօր նույնպես պետք է առաջնորդվել «զհաւատոյ և զհայրենեաց» սկզբունքով:
Armenia Today
