Հնարավոր է` Թուրքիայի իշխանություններն ազատ արձակեն Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ առնչություն ունեցող շուրջ 4200 բանտարկյալի։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:
Երկրի խորհրդարանում մշակվում է անցումային օրենք, որն ընդունվելու դեպքում թույլ կտա բանտերից ազատել քրդական կուսակցության կողմնակիցներին:
Միաժամանակ փաստաթղթում չի ներառվել ՔԱԿ-ի առաջնորդ, ցմահ ազատազրկված Աբդուլլահ Օջալանի անունը։ Սա քննարկվող գործընթացի ամենավիճահարույց հարցերից մեկն է։
Նախագիծը պատրաստել է խորհրդարանական կոմիտեն, որը մշակում է ՔԱԿ-ի զինաթափման և լուծարման իրավական հիմքը: Օրենքը ժամանակավոր է լինելու և ուժի մեջ կմտնի այն ժամանակ, երբ պաշտոնապես հաստատվի, որ կազմակերպությունն ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը և այլևս սպառնալիք չի ներկայացնում Թուրքիայի համար:
Հիշեցնենք` 2025 թվականի փետրվարին Օջալանը կոչ արեց իր կողմնակիցներին վայր դնել զենքը և լուծարել կուսակցությունը։ Մայիսին ՔԱԿ–ը հայտարարեց, որ որոշել է լուծարվել և դադարեցնել զինված հակամարտությունը։
Sputnik Արմենիա
