Հարավային Կովկասում ԱՄՆ-ի նոր քայլերի նախաշեմին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը տարածաշրջան ուղեկցվել է Վաշինգտոնի իրական նպատակների մասին լայնորեն տարածված շահարկումներով, Mehr գործակալության համար գրել է Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը։
Իրանցի դիվանագետի խոսքով՝ այս այցը տեղի է ունեցել մի իրավիճակում, երբ Հարավային Կովկասը դարձել է մեծ տերությունների միջև աշխարհաքաղաքական մրցակցության գլխավոր կենտրոններից մեկը։
«Շատ վերլուծաբաններ կարծում են, որ այս քայլերը կարող են լուրջ հետևանքներ ու ռիսկեր ունենալ Կովկասի երկրների համար և ազդել տարածաշրջանի աշխարհաքաղաքականության վրա։ Այս առումով կարևոր են հետևյալ կետերը.
Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ այս ուղևորության ընթացքում նա ձգտում է ամրապնդել ԱՄՆ-ի առևտրատնտեսական համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ։ Սակայն ամերիկացի պաշտոնյաների որոշ այլ հայտարարություններ և ամերիկյան լրատվամիջոցների շահարկումները մատնանշում են, որ այս այցի հիմնական նպատակն է՝ ուսումնասիրել Հայաստանի տարածքով Ադրբեջանի Հանրապետությունը Նախիջևանին կապող երկաթուղու և ավտոճանապարհի կառուցման հնարավորությունը՝ «Զանգեզուր» կոչվող երթուղով։ Այս երթուղին հարում է Իրանի Իսլամական Հանրապետությանը և Իրանը դրա հետ սահմանակից է Արաքս գետով», – ընդգծել է Փաքայինը։
Նրա կարծիքով՝ Կովկասում խաղաղություն հաստատելու պատրվակով «Միացյալ Նահանգները ներկայացնում են Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Զանգեզուրի խնդիրը որպես խաղաղության ճանապարհին առկա գործոն կամ խոչընդոտ և հայտարարում են, որ իրենք կնպաստեն խաղաղությանը՝ այս տարածաշրջանում տեղակայելով իրենց ընկերությունները և կառուցելով երկաթուղի»։
Սակայն նման պնդումը, ինչպես ընդգծում է իրանցի դիվանագետը, չի համապատասխանում իրականությանը։
«Առաջին հայացքից խոսքը խաղաղության մասին է. ճիշտ այնպես, ինչպես ամերիկացիները գործեցին լիովին հօգուտ Իսրայելի՝ Գազայի այսպես կոչված «խաղաղության պլանի» շրջանակներում և արդյունքում պաղեստինցի ժողովրդի շահերը ոչ միայն չպաշտպանվեցին, այլև ճգնաժամն ավելի խորացավ։ Բացի այդ, Ուկրաինայի պարագայում նրանց չհաջողվեց հասնել այն նպատակներին, որոնք, ինչպես իրենք էին հայտարարում, խաղաղարար էին, և տարածաշրջանը կրկին հայտնվեց պատերազմական ու անկանխատեսելի ապագայի մեջ։ Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև Կովկասում. նրանք գալիս են խաղաղասեր տեսքով, բայց նրանց գլխավոր նպատակը տարածաշրջանում խնդիրներ և անկայունություն ստեղծելն է։
Կովկասում ԱՄՆ-ի ներկայության դրդապատճառը բարյացակամ չէ։ Միացյալ Նահանգները ձգտում են մրցակցել Ռուսաստանի հետ ու մարտահրավեր նետել Նրան և, հնարավորության դեպքում, փորձում են ազդել տարածաշրջանում ռուսական շահերի վրա։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը ջանում է ներկայություն ունենալ Իրանի մոտակայքում, որպեսզի անհրաժեշտության դեպքում սպառնա երկրին», – գրում է Փաքայինը։
Ինչպես ընդգծում է դիվանագետը, Իրանը չի ընդունում այս հարցը և իր սահմանների մոտ ԱՄՆ-ի ներկայությունը համարում է անընդունելի։
«Կովկասին այնքան էլ նշանակալի տեղ չի հատկացված ԱՄՆ-ի ռազմավարական փաստաթղթերում և խոշոր ծրագրերում։ Սակայն, ինչպես արդեն նշվեց, հաշվի առնելով Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հետ Արևմուտքի հակամարտությունը, թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ եվրոպական երկրները, որպես կանոն, ներկա են գտնվում այնտեղ, ինչը համարվում է Ռուսաստանի ազդեցության գոտու մաս, և վտանգում են երկրի շահերը, որպեսզի Ուկրաինայի հարցում զիջումներ կորզեն Ռուսաստանից։ Այդ իսկ պատճառով ամերիկացիները ուշադրություն են ցուցաբերել նաև Հարավային Կովկասի նկատմամբ։ Ամերիկացիները փորձում են թուլացնել Եվրասիական տարածաշրջանի ազդեցիկ երկրները՝ այն պետությունները, որոնց առանցքը կազմում են Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը։ Հենց դա է պատճառը, որ նրանք առանձնահատուկ ուշադրություն են դարձնում Հարավային Կովկասի տարածաշրջանին։
Իրանը նախկինում հայտնել է իր մտահոգությունը Հայաստանին ու Ադրբեջանի Հանրապետությանը և հայտարարել, որ անհրաժեշտ է, որպեսզի այդ անցումը կառուցվի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի տարածաշրջանային ինժեներների կողմից։ Նման շեշտադրման պատճառն այն է, որ Միացյալ Նահանգների ներկայությունը՝ իր պատերազմական մոտեցմամբ և բնույթով, Կովկասում կարող է անապահով իրավիճակի հանգեցնել այդ երթուղու վրա», – ընդգծում է նա։
Իրանցի դիվանագետի կարծիքով՝ նման հանգամանքներում Ադրբեջանն ու Հայաստանը, որոնք մտադիր են անվտանգ կերպով օգտագործել այդ երթուղին, ապագայում կարող են բախվել լուրջ խնդիրների
«Հայաստանի պաշտոնյաները խոստացել են Իրանին լուծել այս հարցը և թույլ չտալ Միացյալ Նահանգներին գործունեություն ծավալել իրանական սահմանի մոտ, նույնիսկ մասնավոր ընկերությունների քողի տակ։
Միևնույն ժամանակ, Իրանը միշտ ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը միանշանակ կբերի կայունություն ու անվտանգություն, և որ չի կարելի թույլ տալ, որ Կովկասը դառնա մեծ տերությունների մրցակցության ասպարեզ, քանի որ նման հանգամանքներում տարածաշրջանի երկրները միանշանակ կտուժեն։ Իհարկե, քիչ հավանական է, որ Կովկասում ԱՄՆ-ի պատերազմական նպատակները իրականանան, քանի որ և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը, և՛ Չինաստանը դեմ են նման մոտեցմանը և իրենց անհամաձայնությունն են հայտարարել Կովկասում ԱՄՆ-ի ներկայության վերաբերյալ։ Մյուս կողմից, Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանը նույնպես ձգտում են անվտանգություն հաստատել տասնամյակների լարվածությունից ու հակամարտություններից հետո, և պետք է զգույշ լինեն, որպեսզի պատահաբար ԱՄՆճին իր նպատակներին հասնելու համար հնարավորություն չստեղծեն», – գրում է Փաքայինը։
News.am
