Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննության է ընդունել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման մասին գանգատը և այն պաշտոնապես հաղորդել է ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել դիրքորոշում։ Այս մասին հայտարարություն է տարածել Տոնոյանի պաշտպանական խումբը։
«Դիմումը քննության է ընդունվել «well–established case-law» ընթացակարգով, ինչը նշանակում է, որ դրանում բարձրացված հարցերը վերաբերում են այնպիսի իրավախախտումների, որոնց առնչությամբ Եվրոպական դատարանն արդեն ձևավորել է կայուն և հաստատված նախադեպային իրավունքի շրջանակ։ Այլ կերպ ասած՝ նմանատիպ իրավիճակներում խախտումները նախկինում բազմիցս արձանագրվել են դատարանի կողմից, և առկա է ձևավորված իրավական գնահատական»,– ընդգծել են Տոնոյանի փաստաբանները։
Փաստաբանների գանգատը վերաբերում է՝
– կալանքի իրավաչափությանը, տևողության հիմնավորվածությանը,
– դատարանների որոշումների պատճառաբանվածությանը,
– իրավական որոշակիության և կողմերի հավասարության սկզբունքների պահպանմանը։
Տոնոյանի պաշտպանական խումբը նշել է, որ այս փուլում քննությունը վերաբերում է բացառապես կոնվենցիայի ենթադրյալ խախտումներին և չի առնչվում մեղավորության հարցին, ինչպես նաև չի կանխորոշում դատավարության արդյունքը։
«Հարկ ենք համարում հատուկ շեշտադրել նաև այն, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նույնպես վարույթ է ընդունել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ գործով նույնաբնույթ հարցի վերաբերյալ վճռաբեկ բողոք, սակայն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հիշյալ վճռաբեկ բողոքի վերաբերյալ որոշում չի կայացվել: Դատական գործընթացը ՀՀ–ում շարունակվում է»,– ընդգծել են Տոնոյանի փաստաբանները։
Sputnik Արմենիա
