Логотип

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ․ ՎԵՆՍԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՐՑԵՐ ԱՌԱՋԱՑՐԻՆ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպումից հետո Բաքվում ապօրինի դատապարտված հայ ռազմագերիների վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն էլ ավելի շատ հարցեր են առաջացրել։ Այս մասին փետրվարի 16-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Ալիևի հայտարարել է, որ նրանք անդրադարձել են հայ գերիների թեմային։ Ադրբեջանը ներկայացրել է իր դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ և վերջ»,- նշել է Աբրահամյանը։ Պատգամավորի կարծիքով՝ սա կարող է վկայել երկու բանի մասին. կա՛մ այդ թեման լուրջ քննարկման առարկա չի եղել, և ԱՄՆ փոխնախագահը դրան անդրադարձել է սոսկ ձևականորեն, կա՛մ տարբեր պաշտոնատար անձանց միջև գոյություն ունի կամ գոյություն է ունեցել որոշակի պայմանավորվածություն՝ «այդ թեման զգուշորեն շրջանցելու» վերաբերյալ։ «Ալիևի հայտարարություններն որոշակիորեն զարմանք են առաջացնում ինձ մոտ։ Ադրբեջանի ղեկավարն, ըստ էության, ցույց տվեց, որ գերիների թեման առաջնային քննարկման առարկա չի եղել, որովհետև հենց այնպես շրջանցել կամ փակել թեման ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հարաբերությունների ֆոնին, չէր կարող լինել»,- պարզաբանել է խորհրդարանականը։

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ սա ևս մեկ արձանագրում էր այն բանի, որ Հայաստանի իշխանությունների համար տվյալ հարցը չի եղել առաջնահերթություն, այն հրատապություն չի ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում և դրա վրա պատշաճ ուշադրություն չի կենտրոնացվել։

«Ըստ էության, սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը քննարկման է հանում իր համար կարևոր հարցերը և դրանցով հասնում լուծումների, մինչդեռ Հայաստանի համար նշանակություն ունեցող դրույթների վերաբերյալ գործնականում բովանդակային քննարկումներ տեղի չեն ունենում»,- ընդգծել է Աբրահամյանը։

News.am