Логотип

ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ ԱՐԳԵԼՔԸ ՏԱԳՆԱՊԱԼԻ ՆԱԽԱԴԵՊ Է. ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արգենտինայի Հանրապետության հայկական կազմակերպությունները (IARA) խիստ մտահոգությամբ դատապարտում են Հայաստանի կառավարության որոշումը, որով արգելվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը երկրից՝ թույլ չտալով նրան մասնակցել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովին։

«Այս փաստը եզակի դեպք չէ։ Այն մաս է կազմում վերջին ժամանակներում ավելի լայն մի գործընթացի, որը հատկանշվում է պետական ինստիտուտների թուլացմամբ և դեպի ավտորիտարիզմ տանող քայլերով, ինչը վնասում է ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցուն, այլև հասարակությանը, ընդդիմադիր կուսակցություններին և Հայաստան-Սփյուռք պատմական հարաբերություններին։

Արդեն մի քանի տարի է՝ տագնապով նկատում ենք.

– Համակարգված հարձակումներ քաղաքական ընդդիմության դեմ, այդ թվում՝ դատական գործեր և կալանավորումներ, որոնք հիմնավոր կասկածներ են առաջացնում, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն։

– Հալածանք քննադատողների նկատմամբ, ինչը սահմանփակում է բազմակարծությունը և ազատ խոսքի իրավունքը։

– Հայկական Սփյուռքը վարկաբեկելու բազմակի փորձեր՝ կեղծ հայտարարություններով, թե իբր Սփյուռքի պահանջատիրությունը խոչընդոտ է խաղաղության համար։ Այս կերպ փորձ է արվում արհեստական պառակտում մտցնել Հայաստանի և աշխարհասփյուռ հայության միջև։

– Եվ որպես առավել ծանր հանգամանք՝ քաղաքական իշխանության աճող միջամտությունը Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին՝ կամայական քայլերով և հոգևոր առաջնորդին պիտակավորելով։

Այս վարքագիծը ոչ միայն խախտում է օրենքի գերակայությունը, խղճի և խոսքի ազատությունը, այլև վտանգի տակ է դնում հայ ժողովրդի միասնությունը թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում։

Հայ Առաքելական Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ և ոչ էլ իշխանությանը ենթակա կառույց։ Այն մեր հազարամյա ինքնության հոգևոր հենասյունն է և մեր հավատքի պահապանը։ Եկեղեցու և Պետության բաժանումը պետք է երաշխավորի անկախություն և փոխադարձ հարգանք. այն երբեք չպետք է դառնա ճնշման կամ ենթարկեցման գործիք։

Կաթողիկոսի նկատմամբ կիրառված արգելքը տագնապալի նախադեպ է։ Նրա մասնակցությունը եկեղեցական ժողովին խոչընդոտելը ազատ տեղաշարժի իրավունքի ոտնահարում է և պետության կողմից Ազգային Եկեղեցու կյանքին միջամտելու հստակ փորձ։

Ելնելով այս ամենից՝ Արգենտինայի Հանրապետության հայկական կազմակերպությունները վճռականորեն մերժում են.

1․ Քաղաքական ընդդիմությանը լռեցնելուն ուղղված ցանկացած գործողություն՝ լինի դա ինստիտուցիոնալ, թե դատական ճնշման միջոցով։

2․ Հայաստանը Սփյուռքից բաժանելու փորձերը՝ այնպիսի ելույթներով, որոնք փորձում են արժեզրկել աշխարհասփյուռ հայ համայնքների պատմական նվիրումը։

3․ Կրոնական, հասարակական կամ քաղաքական գործիչների հալածանքը կամ ահաբեկումը՝ իրենց օրինական գործունեության համար։

4․ Պետական լծակների օգտագործումը՝ ներքին թշնամանք հրահրելու համար, ինչը թուլացնում է ազգային միասնությունը։

Որպես Արգենտինայի ամբողջ հայ համայնքի ներկայացուցիչներ՝ հրատապ կոչ ենք ուղղում Հայաստանի իշխանություններին.

– Լիարժեք հարգել Հայ Առաքելական Եկեղեցու ինքնավարությունը և ներքին կառավարումը։

– Երաշխավորել բոլոր մարդկանց, կազմակերպությունների և կուսակցությունների իրավունքները՝ առանց խտրականության և հալածանքի։

– Պահպանել դատական համակարգի անկախությունը և քաղաքական բազմակարծությունը՝ որպես ժողովրդավարության հիմք։

– Վերականգնել հարգանքը և համագործակցությունը Հայկական Սփյուռքի հետ՝ ընդունելով նրա պատմական դերը և անգնահատելի ավանդը ազգի համար։

Վերահաստատում ենք, որ Հայաստանի հզորությունը չի կարող կառուցվել ներքին առճակատմամբ, ազատությունների սահմանափակմամբ կամ այլախոհների պիտակավորմամբ։ Ազգային միասնությունը չեն պարտադրում, այն կառուցվում է հարգանքի, անկեղծ երկխոսության և ժողովրդավարական համակեցության հիման վրա։

Դարերի փորձություններով կոփված հայկական ինքնությունը չի կարող քայքայվել մեր ազգային էությանը հակասող գործելաոճով։ Եկեղեցին և Պետությունը տարբեր մարմիններ են և այդպես էլ պետք է շարունակեն գործել՝ փոխադարձ հարգանքի և հավասարակշռության մթնոլորտում»,- ասվում է հայտարարությունում։

Aysor.am