Логотип

Պաշտոնյա․ ՀԷՑ-ը թուրքական ընկերություններին հանձնելու որևէ օրակարգ չկա

ՀԷՑ-ը թուրքական ընկերություններին հանձնելու օրակարգ չկա թեկուզ տեսական մակարդակում։ Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

Նա պարզաբանել է, որ «այս պահին հողի վրա՝ ռեալ իրականության մեջ» նման որևէ նշան չի տեսնում։

«Ես՝ որպես Հանձնաժողովի նախագահ, որպես փորձագետ և որպես քաղաքացի, այս մոտեցումը նորմալ եմ համարում», – նշել է պաշտոնյան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի էներգետիկ համակարգերը կարող են միավորվել։

«Մենք տարիներ շարունակ դժգոհում էինք շրջափակումից, իսկ հիմա, թվում է, սկսել ենք դժգոհել ապաշրջափակումից», – հավելել է նա:

Մեսրոպյանն ընդգծել է, որ ենթակառուցվածքները պետք է աշխատեն, քանի որ դրանք լայն հնարավորություններ են տալիս էներգետիկայի ոլորտում առկա խնդիրների լուծման համար։ «Դա հնարավորություն է տալիս երկու էներգահամակարգերի միաժամանակյա և համատեղ աշխատանքի դեպքում դրանց գործել ավելի ճկուն, ինչպես նաև հեշտացնում է կառավարումը ինժեներական տեսանկյունից։ Պակաս կարևոր չէ նաև տնտեսական շահը. մենք ունենք էլեկտրաէներգիայի հավելուրդ, բայց չգիտենք՝ ինչ անել դրա հետ»։

Եթե վաղը հնարավորություն լինի էլեկտրաէներգիա վաճառել իրանական շուկայից բացի այլ շուկաներին, ինչո՞ւ դա չանել», – եզրափակել է նա։

News.am