Логотип

ՎՐԻՊԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԸՍՏ ՖՐԵՅԴԻ. Ո՞Վ Է ԱՉՔ ԴՐԵԼ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՆՁԵՐԻ ՎՐԱ

Կարելի է պարզապես գրել, որ Նիկոլը հատեց հերթական կարմիր գիծը։ Կարելի է ենթադրել, որ գիտակցելով սեփական անզորությունը Հայ Եկեղեցու դեմ պայքարում՝ այդ սուբյեկտն ընկնավորվեց ու հրամցրեց մի բան, ինչին հավատալը դժվար կլինի նույնիսկ իր ամենահավատարիմ երկրպագուների համար։ Բայց անհնար է ժխտել ակնհայտը. Հայաստանը ղեկավարում է մի մարդ, որը ոչ միայն սպասարկում է թշնամի պետությունների շահերը, այլև ակնհայտորեն տառապում է հոգեկան ծանր հիվանդությամբ։ Եվ երկրի ու ժողովրդի համար ողբերգական այս եզրահանգումն արձանագրելու համար հարկ չկա հոգեբույժ լինել։

ԱՅԼ ԿԵՐՊ ԱՆՀՆԱՐ Է ԲՆՈՐՈՇԵԼ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ՃԵՊԱԶՐՈՒՅՑՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՍԱԾԸ։ Նախ, նա հայտարարեց, թե «որոշ հայ քահանաներ քարոզում են իսլամական ծայրահեղականների պես»։ Երկրորդ՝ թե «թույլ չեմ տալու Կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին»։ Երրորդ՝ «Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նախաձեռնությունը ՀԱԵ Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս հանելն ու որոշ ուժերի ձեռքում մարիոնետային Կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես ՀՀ-ի դեմ գործիք օգտագործելն է»:

Վերջում էլ սպառնաց Սփյուռքի ներկայացուցիչներին. «Շատ կոշտ հակազդեցություն է լինելու, Էջմիածնի գանձերի վրա աչք են դրածների հայացքն ուղղելու է այլ կողմ»: Կասկածից վեր է, որ այդ սպառնալիքը կապված է Սփյուռքի հայտնի ներկայացուցիչների վերջերս արած հայտարարության հետ, որը, ամենայն հավանականությամբ, հարուցել է Փաշինյանի զայրույթը։

Հիշեցնեմ. այս ամենը հայտարարում է նա, ով առանց ափսոսանքի նշույլի վանդալներին է տվել Հայ Առաքելական Եկեղեցու և հայկական մշակութային ժառանգության անգին գանձերն Արցախում, ոչ մի կերպ չի փորձում դրանք պահպանել և պաշտպանել թեկուզ բռնազավթման պայմաններում և հաստատ մտադիր է հետ կանչել Ադրբեջանի դեմ միջազգային հայցերը, որոնք կապված են նաև մեր ժողովրդի հոգևոր և պատմական հարստության ոչնչացման ու յուրացման հետ:

Այն մասին, որ Հայ Եկեղեցու դեմ բռնաճնշումները և Կաթողիկոսին հեռացնելու ձգտումը կապված են նաև Հայ Առաքելական Եկեղեցու սեփականությանը տիրանալու ձգտման հետ, արդեն բազմիցս խոսվել է։ Եվ Նիկոլի այն խոսքերը, թե ինչ-որ մեկը «աչք է դրել եկեղեցու գանձերի վրա», «ըստ Ֆրեյդի վրիպախոսության» դասական օրինակ է։

Ավելին, այդ մի քանի տողում կարելի է արձանագրել ևս մեկ այդպիսի «վրիպախոսություն». «մարիոնետային» առաջնորդի մասին, որը «որոշ ուժերի ձեռքում օգտագործվում է որպես գործիք Հայաստանի Հանրապետության դեմ»: Փաշինյանը կրկնում է հենց այն, ինչում իրեն մտանգամայն արդարացիորեն մեղադրում են քաղաքական ընդդիմախոսներն ու փորձագետները։ Այն, ինչը հարյուրավոր և հազարավոր ապացույցներ ունի՝ իր պարագայում:

Թույլ կտամ ինձ մեջբերել նշյալ հոգեբանական երևույթի բնորոշումը։

ԹԻՎ 1 ՄԵՋԲԵՐՈՒՄ: «ԶԻԳՄՈՒՆԴ ՖՐԵՅԴԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԷՐ, ՈՐ ԽՆԴԻՐԸ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ բավարար չէ լսել, թե ինչ են ասում հիվանդները: Իրական ցանկությունները, նրա կարծիքով, կարելի է հասկանալ՝ ուշադրություն դարձնելով խոսքի մեջ պատահական վրիպումներին կամ ենթագիտակցության այլ «ակնարկներին»։

Թիվ 2 մեջբերում. «Ըստ Ֆրեյդի, այդօրինակ «սխալ գործողություններ» (վրիպասություններ, գրասխալներ և այլն) առկա են լինում այն դեպքերում, երբ «Այն»-ը (հոգեկանի անգիտակից մասը, բնազդային մղումների ամբողջությունը) սկսում է գերակշռել «սուպեր-ես»-ի նկատմամբ (պատասխանատու է անձի բարոյական և կրոնական վերաբերմունքի, վարքի նորմերի և բարոյական կենսանախադրյալների համար) և, որպես արդյունք, որոշիչ ազդեցություն է ունենում «Ես»-ի գործողությունների և դրսևորումների վրա: Տվյալ ֆենոմենն արտացոլում է մարդու «անգիտակցականը»:

Մենք, անշուշտ, ամենևին իրավասու չենք որևէ բժշկական ախտորոշում կամ գնահատական տալ։ Եվ եթե խոսքը վերաբերեր սովորական, թեկուզև բարձրաստիճան պաշտոնյայի, ապա կարելի էր սահմանափակվել միայն պատասխանատու անձի անհամարժեքության վրա մասնագետների ուշադրությունը հրավիրելով։ Բայց տվյալ դեպքում անհնար է չշեշտել անվիճելին. այս մարդու ձեռքում է կենտրոնացած ամբողջ իշխանությունն ու ամբողջ պատասխանատվությունը երկրի և 3 միլիոն մարդու ճակատագրի համար, եթե չհաշվենք Սփյուռքը:

Եվ այդ մարդը բառացիորեն հիվանդ է իր իշխանության մոլուցքով։ Նրա մոլուցքը հասցրել է Հայաստանն անէության եզրին՝ լինելով երկրի ու ժողովրդի գոյությանը սպառնացող ամենամեծ ու կենսական վտանգը, գուցե նույնիսկ ավելի մեծ, քան թշնամիների ծրագրերը: Այդ մոլուցքը նրան հնարավորություն չի տալիս մտածել առողջ, սթափ, հասկանալ և ընդունել իրականությունը։

Անձամբ իր համար այլ դիրքորոշման բացառվածությունը, բացի «պետությունը ես եմ» դրույթից, գումարած արածի դիմաց հատուցման անխուսափելիության գիտակցումը, հենց այն է, ինչը կստիպի նրան դիմել ամեն քայլի իր իշխանությունը պահպանելու համար։

«Ամեն քայլի»՝ նշանակում է հետապնդումների, բռնաճնշումների, ձերբակալությունների, կալանավորումների, արգելանքների, բանտարկությունների աճող դինամիկա՝ ընդհուպ մինչև քաղաքական և ֆիզիկական հաշվեհարդարները, զորքեր մտցնելը հայկական քաղաքների և գյուղերի փողոցներ, դիմադրող ժողովրդի վրա կրակելը և այլն: Եվ որպես վերջին միջոց՝ թուրքական զորքեր մտցնելը Հայաստանի տարածք:

Եթե ոմանք անհնար են համարում դա, ապա կարդացեք վերոնշյալ հայտարարությունները: Եվ հիշեք. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի դեմ քրեական հետապնդում է հարուցված և արգելված է նրա ելքը երկրից:

ՀԱՍԿԱՆՈ՞ՒՄ Է ԱՐԴՅՈՔ ԴԱ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵ ՈՉ, ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է, քանզի լիակատար տպավորություն է, թե երկիրը պատրաստվում է հերթական, ոչնչով աչքի չընկնող ընտրությունների։ Սա, իհարկե, առանձին խոսակցության թեմա է, իսկ առայժմ հիշենք գրեթե 30-ամյա վաղեմության իրադարձությունները։

1996 թվականի սեպտեմբերին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք այն ժամանակ անվանում էին ճակատագրական՝ Փաշինյանի գաղափարական դաստիարակ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա գլխավորած ՀՀՇ կուսակցության քաղաքականության պատճառով։ Գիտակցելով ընտրությունների կարևորությունը՝ ընդդիմությունը, ՀՀ պատմության մեջ առաջին և առայժմ միակ անգամ, միավորվեց, և նրա թեկնածուն շռնդալից հաղթանակ տարավ։ Իշխանությունը դիմեց քվեարկության արդյունքների տոտալ կեղծման՝ իրեն վերագրելով հաղթանակը։

Տասնյակ հազարավոր մարդիկ ելան փողոց։ Դրան հաջորդեցին դաժան բռնաճնշումները, ձերբակալություններն ու կալանավորումները՝ ֆիզիկական բռնության հրապարակավ կիրառմամբ։ Բանակ ու տանկեր մտցվեցին Երևան. կրակում էին բազմահազարանոց ամբոխի վրա, որը ստիպված էր գրոհել ԱԺ շենքը (որտեղ այն ժամանակ տեղակայված էր ԿԸՀ-ն)։ Դիմադրությունը հաջողվեց կոտրել, եկան մռայլ ժամանակներ։ Մեկուկես տարի անց՝ 1998-ի փետրվարին, Տեր-Պետրոսյանը ստիպված հայտարարեց իր հրաժարականի մասին։

Հիմա, իհարկե, իրավիճակը բոլորովին այլ է, երկիրն էլ՝ բոլորովին այլ, և ժողովուրդն էլ բնավ «այն չէ», ինչ Արցախյան առաջին ազատամարտում հաղթանակից անմիջապես հետո։ Եվ եթե ԼՏՊ-ն, իր բոլոր մեղքերով հանդերձ, բավական ողջամիտ էր՝ հասկանալու համար, որ նման «հաղթանակով» անհնար է շարունակել ղեկավարել երկիրը, ապա Փաշինյանը լրիվ այլ երևույթ է: Այս կերպարը հիվանդ է իշխանությամբ, և դրան բուժում չկա:

Ինչպես որ չկա նրա համար նաև նորմալ մարդու պարագայում հավերժական հարցը. «ի՞նչ անել»։ Այդ հարցը մտահոգում է միայն մեզ, և պատասխանի համար աղետալիորեն քիչ ժամանակ է մնացել: