Ադրբեջանի հետ առևտուրն իր ներկայիս տեսքով զարգացնում է Ադրբեջանի տնտեսությունը։ Նման կարծիք է հայտնել «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր, կառույցի տնտեսական թիմի ղեկավար Դավիթ Անանյանը՝ փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Անանյանը նշել է, որ մատակարարումների դիվերսիֆիկացումը միշտ բխում է պետության շահերից, սակայն առաջին հերթին անհրաժեշտ է գնահատել, թե որտեղից է գալիս հիմնական հոսքը և նկատի ունենալ, որ ապրանքների ներկրումը ֆինանսավորում է այն երկիրը, որտեղից այդ ապրանքը ներմուծվում է։ Այս առումով Անանյանը հարց է բարձրացրել՝ արդյո՞ք մենք ցանկանում ենք հզորացնել Ադրբեջանի տնտեսությունը։
Այլ կերպ ասած, Ադրբեջանը չպետք է լինի գնումների հիմնական աղբյուրը, նշեց Անանյանը։ Նա նաև նշեց, որ քաղաքական առումով, հաշվի առնելով բազմաթիվ չլուծված հարցերը և միջազգային դատարաններում ներկայացված դատական գործընթացները, որոնք պետք է ընդլայնվեն, հիմնականում՝ արցախցիների վերադարձի իրավունքի ինստիտուցիոնալացման նպատակով, պետք է հասկանալ, որ Ադրբեջանի հետ առևտրային կապեր հաստատել նշանակում է օգնել մի երկրի, որը ցեղասպան գործողություններ է իրականացրել մեր հայրենակիցների դեմ։ Դա հնարավորություն է տալիս նրանց ստեղծել կեղծ պատկեր և ներկայանալ որպես «բարերար» (ցորենի կամ վառելիքի մատակարարի դերում)՝ այդպիսով քողարկելով իրագործված հանցագործությունները։
News.am
