Логотип

Ղազինյան․ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են նվազեցնելու ՀԷՑ-ի շուկայական արժեքը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր «Տաշիր հոլդինգը» չի համաձայնի այն ցածր գնով վաճառել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը։

Նրա խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի նվազեցնեն ընկերության շուկայական արժեքը։

«Եթե հիշում եք, վարչապետը հայտարարում էր, որ հնարավոր է այնպիսի հանգամանքներ պարզվեն, որոնց պատճառով ընկերության արժեքը կնվազի։ Նման հայտարարություններ հենց այնպես չեն արվում»,– նշեց Ղազինյանը։

Նա տեղեկացրեց, որ ՀԷՑ–ի արժեքը մոտավոր գնահատականով կազմում է մոտ 1 մլրդ դոլար: Իշխանություններն իրենց գնային առաջարկը պետք է անեն փետրվարի 21–ին։

Ղազինյանն ընդգծեց, որ «Տաշիր հոլդինգն» առաջարկել է ներգրավել միջազգային խոշոր գնահատող ընկերություն և նրա կողմից սահմանված գումարին ավելացնել 15 %, մինչդեռ իշխանությունները դրան չհամաձայնեցին։

«Այս իրավիճակում կարելի է ենթադրել, որ ընկերությունը ցանկանում են վաճառել «գերակա հանրային շահի» իրավական ձևակերպմամբ և հնարավորինս ցածր գնով»,– հայտարարեց նա:

Միաժամանակ նա նշեց, որ ՀԷՑ–ի ներկայիս սեփականատերերի համար ոչ շահավետ պայմաններով վաճառքի դեպքում իրենք իրենց իրավունք կարող են վերապահել դատական կարգով վիճարկել գործարքի արդյունքները։

Sputnik Արմենիա