Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ կառուցվող ճանապարհահատվածում ավարտվել է երկրորդ՝ 530 մետր երկարությամբ (ներառյալ պորտալները) թունելի հորատումը։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Այս թունելում այժմ կատարվում են գաբարիտային չափերի ապահովման և նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շարունակվում են նաև կամուրջների և հողային պաստառի կառուցման աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում։
Առաջին թունելի հորատումը (455 մ երկարությամբ` ներառյալ պորտալները) ավարտվել էր նախորդ տարի։ Շինարարն այդ հատվածում այժմ իրականացնում է երեսարկի բետոնացում։
Հիշեցնենք` Քաջարան–Ագարակ 32 կմ երկարությամբ նոր հատվածը կես ժամով կկրճատի Իրանի սահմանից դեպի Կապան ճանապարհի տևողությունը: Ըստ նախագծի` Քաջարան–Ագարակ հատվածը կունենա 5 տրանսպորտային հանգույց, 17 կամուրջ, մեծ թվով հենապատեր և այլն։
Sputnik Արմենիա
