Логотип

Օվերչուկ․ ՌԴ-ն խստորեն կկանխի ԵԱՏՄ երկրների միջոցով անբարեխիղճ ներմուծումը

Ռուսաստանը տնտեսության «սպիտակեցմանն» ուղղված աշխատանքների շրջանակում խստորեն կպաշտպանի ներքին շուկան անբարեխիղճ ներմուծումից, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների տարածքից ՌԴ ներմուծվող ապրանքներից: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Ինտեգրացիոն համաժողովի ժամանակ, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության կազմակերպած ռուսական բիզնեսի շաբաթվա շրջանակներում:

Ռուսաստանի փոխվարչապետի կարծիքով՝ գործընկեր երկրների հետ առևտրում առկա արգելքների վերացմանն ուղղված աշխատանքը պետք է ուղեկցվի ՌԴ շուկա մուտք գործող ապրանքների նկատմամբ վերահսկողության ուժեղացմամբ։

«Առաջին հերթին սա կապված է այն բանի հետ, որ մենք բաց մաքսային սահման ունենք Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների հետ, և մեր շուկայում հայտնվում են ապրանքներ, որոնք անբարեխիղճ մրցակցություն են ստեղծում մեր ներքին շուկայի համար։ Եվ այստեղ մենք տրամադրված ենք շատ խիստ միջոցառումների՝ այդ անբարեխիղճ պրակտիկան կանխելու համար»,-ընդգծել է Օվերչուկը։

Փոխվարչապետի խոսքով՝ այս աշխատանքի մի մասն է ընթացիկ տարում ապրանքների մատակարարման սպասման հաստատման համակարգի (СПОТ) գործարկումը, որի շրջանակում ներմուծողը պետք է հաստատի ԵԱՏՄ անդամ պետությունից ապրանքի մատակարարման գործարքի կնքման փաստը և սահմանված կարգով ձևակերպի համապատասխան փաստաթուղթը։

2025 թվականի սեպտեմբերին ապրանքների ապօրինի ներմուծումն ու արտահանումը կանխելու և դրանց տարանցման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությանը հանձնարարվել էր ուժեղացնել շարժական խմբերի հսկողությունը պետական սահմանի ռուս-բելառուսական և ռուս-ղազախական հատվածներում։

2025 թվականին շարժական խմբերը հայտնաբերել են ավելի քան 9 հազար տրանսպորտային միջոց, որոնք Ռուսաստանի Դաշնության օրենսդրության խախտմամբ տեղափոխում էին 137 հազար տոննա ապրանք։

Զուգահեռ ՌԴ–ն պայքար է սկսել «գորշ» սերտիֆիկատների դեմ, որոնք ձևակերպվում են ԵԱՏՄ երկրների տարածքում՝ առանց պատշաճ փորձաքննության։ Ներքին շուկան մաքսանենգությունից պաշտպանելու նպատակով 2025 թվականի վերջին Պետական հսկողության և «Ռոսակրեդիտացիայի» մարմինները լիազորություններ են ստացել կասեցնելու ԵԱՏՄ երկրներում տրված սերտիֆիկատների ու հայտարարագրերի գործողությունը, և համապատասխան աշխատանքն արդեն սկսված է։

Օվերչուկը նաև հիշեցրել է, որ փետրվարի 11-ից ԵԱՏՄ-ում սկսվել է էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառումը, որոնց օգտագործումը տեղափոխման ժամանակ «պետք է խոչընդոտ դառնա ներքին շուկայում այնպիսի ապրանքների հայտնվելուն, որոնք այդտեղ չպետք է լինեն»։

Sputnik Արմենիա