Միլանում Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդ զույգը հանդես է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո։ Հանրային հեռուստաընկերության մեկնաբանը, սակայն, խուսափեց ասել, որ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո սահադաշտ դուրս կգան մեր մարզիկները։
Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Հանրային հեռուստաընկերություն՝ խնդրելով պարզաբանել՝ արգելվա՞ծ է Հ1-ում օգտագործել «Արցախ» բառը, եթե ոչ, ապա ինչո՞ւ ստեղծագործության անունը հնչեցնելու փոխարեն կիրառվեց «հրաշալի ստեղծագործության ներքո» բառակապակցությունը։
Հեռուստաընկերությունից պատասխանել են, թե Ձմեռային օլիմպիական խաղերի լուսաբանումն իրականացվում է մրցումների կազմակերպիչների կողմից սահմանված խիստ կանոնակարգերի շրջանակում:
«Խաղերի կազմակերպիչը՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), սահմանում է միասնական հաղորդակցային և խմբագրական պահանջներ, որոնք պարտադիր են բոլոր պաշտոնական հեռարձակողների համար։ Օլիմպիական խաղերի ընթացքում մեկնաբանությունները պետք է հիմնվեն բացառապես պաշտոնական տեղեկատվության և կազմակերպիչների հրապարակած ձևակերպումների վրա:
Պաշտոնական կայքում տվյալ ստեղծագործության վերաբերյալ կիրառված է հենց այն ձևակերպումը, որը հնչել է եթերում: Հանրային հեռարձակողը պարտավոր է առաջնորդվել բացառապես պաշտոնական աղբյուրով և իրավունք չունի շեղվելու կամ ինքնուրույն փոփոխելու այդ ձևակերպումները:
Ուստի խոսքը որևէ բառի օգտագործման արգելքի մասին չէ: Խնդիրը պայմանավորված է բացառապես Օլիմպիական խաղերի լուսաբանման միասնական կանոնների պահպանմամբ և միջազգային պարտավորությունների կատարումով»,- Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշել են հեռուստաընկերությունից։
