Փետրվարի 17-ին, Թեքեյան կենտրոնում կայացավ հասարակական գործիչ, հրապարակախոս Վարուժան Սիրապյան-ի «Բալու-Փարիզ. Հայի անցած ուղին» գրքի շնորհանդեսը։ Միջոցառումը վերածվեց ոչ միայն գրական իրադարձության, այլև մտավոր բովանդակ հարթակի, որտեղ քննարկման առանցքում էին ազգային հիշողությունն ու պատմական ինքնագիտակցությունը։
Գրքում ներկայացվում է կամավոր վտարանդի դարձած Վարդանի կյանքի ճանապարհը՝ Արևմտյան Հայաստանի հեռավոր Բալուից (Խարբերդ) մինչև Փարիզ։ Հեղինակը կերտել է մի ճակատագիր, որն անցնում է անսպասելի, բայց ներքին տրամաբանությամբ պայմանավորված շրջադարձերի, փորձությունների և ինքնաճանաչման փուլերի միջով։ Սակայն ստեղծագործությունը չի սահմանափակվում անհատական պատմությամբ․ այն վերածվում է հավաքական հիշողության գեղարվեստական վկայության՝ շոշափելով հայրենազրկման, գաղթի, ինքնության պահպանման, մշակութային ժառանգության փոխանցման և սերունդների միջև հոգևոր կապի հիմնահարցերը։

Բացման խոսքում ընդգծվեց, որ գիրքը կարևոր ներդրում է սփյուռքահայ թեմատիկայի արդի մեկնաբանության մեջ՝ համադրելով պատմական փաստը և գեղարվեստական պատումը։
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ գիրքը կարդացել է մեկ շնչով, այն ունի գեղարվեստական մտահղացման պատմական շերտերի ներդաշնակ համադրություն։
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը իր խոսքում ընդգծեց, որ մեծ ոգևորությամբ է գիրքը կարդացել։ Շնորհակալություն հայտնեց հեղինակին այդպիսի գիրք գրելու համար։

Դոցենտ Քնարիկ Աբրահամյանի խոսքով՝ վեպը ուշագրավ է թե՛ իր թեմատիկ ընտրությամբ, թե՛ կառուցվածքով․ այն ամբողջացնում է պոլսահայ կյանքի գեղարվեստական պատումը՝ միաժամանակ համադրելով պատմականն ու վիպականը։ Հեղինակը, անդրադառնալով Բալուից սկիզբ առնող և մինչև Ֆրանսիա ու Հայաստան ձգվող ճանապարհին, բացահայտում է ազգային ինքնության որոնման բարդ ընթացքը՝ ցույց տալով, թե ինչպես է հերոսը վերագտնում իրեն արդեն Հայաստանի հողի վրա։ Վեպը ինտելեկտուալ ծանրաբեռնված է, հարուստ պատմաքաղաքական շերտերով և միանում է պոլսահայ գրականության ավանդույթին՝ նոր, ավելի բաց խոսքի հնարավորությամբ։Դոցենտ Քնարիկ Աբրահամյանի խոսքով՝ «Հայաստանը անհավանական հանդիպումների և նոր հորիզոնների բացահայտման պարարտ հող է»․ այս միտքը վերաբերում է ոչ միայն հերոսի, այլև ընթերցողի փորձառությանը։ Գրքի հետ հանդիպումն իսկապես դառնում է յուրահատուկ ու անսպասելի բացահայտում, իսկ դրա ամենակարևոր նվաճումը հարազատության և ինքնության վերագտնման զգացումն է։

Երիտասարդ սերնդի անունից հանդես եկավ ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի մագիստրոսական ծրագրի 1-ին կուրսի ուսանողուհի Նինա Ճուղուրյանը՝ ներկայացնելով իր ընթերցողական ընկալումը։
Թարգմանիչ Նելլի Ստեփանյանը անդրադարձավ ստեղծագործության լեզվաոճական առանձնահատկություններին՝ շեշտելով հուզական շերտերի խորությունը և պատմական հոսքի հավասարակշռությունը։

Միջոցառման ավարտին խոսք ասաց հեղինակը՝ Վարուժան Սիրապյանը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին և ընդգծեց, որ գիրքը ծնվել է ոչ միայն ուսումնասիրությունների և անձնական ապրումների հիման վրա, այլև պատմական արդարության և հիշողության պահպանման ներքին պահանջից։
Հանդիպման խորհրդանշական եզրափակիչը դարձավ այն պահը, երբ Ռուբեն Միրզախանյանը հեղինակին նվիրեց «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ը՝ որպես գիտական ժառանգության ու պատմական տարածական հիշողության պահպանման խորհրդանիշ։ Նվերը յուրատեսակ կամուրջ էր գրքում ներկայացված աշխարհագրական ուղիների և դրանց գիտական քարտեզագրման միջև՝ ընդգծելով պատմության և գրականության փոխլրացնող բնույթը։

Շնորհանդեսն անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում՝ վերահաստատելով, որ «Բալու-Փարիզ. Հայի անցած ուղին»-ը ոչ միայն գրական նոր հրատարակություն է, այլև կարևոր մտավոր իրադարձություն՝ ուղղված ազգային ինքնության, պատմական հիշողության և սփյուռքյան փորձառության վերաիմաստավորմանը։
