Логотип

Գալուզին. ՌԴ-ն նախկին ԽՍՀՄ երկրներից դուրս մղելու փորձերը Արևմուտքի ռազմավարության մասն են

Ռուսաստանը մերձավոր արտերկրից դուրս մղելու փորձերը ՌԴ-ին պարտության մատնելու ռազմավարության մի մասն են։ «Վալդայ» ակումբում կազմակերպված ասուլիսում Sputnik-ի հարցին ի պատասխան այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ցավոք, հավաքական Արևմուտք կոչվածը չի թաքցնում իր նպատակները, այն է՝ Ռուսաստանին մերձավոր արտերկրից դուրս մղելու ցանկությունը։ Եվ դա հենց այն քաղաքականության մի մասն է, որն ուղղված է Ռուսաստանի կողմից ռազմավարական պարտություն կրելուն», – ասել է բարձրաստիճան դիվանագետը` մեկնաբանելով իրավիճակը Հարավային Կովկասում։

Նրա խոսքով՝ Արևմուտքում չեն էլ թաքցնում, որ փորձում են տարաձայնություններ սերմանել Ռուսաստանի և ԽՍՀՄ նախկին երկրների միջև։

«Ահա այդ ռազմավարության մի մասը, այսպես ասած, Ռուսաստանին մերձավոր արտասահմանից դուրս մղելու, մեր և մեր հարևանների, այդ թվում՝ նախկին խորհրդային հանրապետությունների միջև տարաձայնություններ սերմանելու փորձերն են, որոնք չեն թաքցվում», – նշել է Գալուզինը։

Պատասխանելով հարցին, թե ինչով է դրան հակազդում Մոսկվան, ՌԴ փոխարտգործնախարարն ասել է, որ Ռուսաստանը դաշնակցային և ռազմավարական գործընկերության հարաբերություններ է զարգացնում մերձավոր արտերկրի պետությունների հետ՝ նրանց, որոնք ժամանակին խորհրդային հանրապետություններ են եղել:

«Այն, ինչ այսօր Ուկրաինայի, Կիևի ռեժիմի միջոցով անում է Արևմուտքը, այն, թե ինչպես է փորձում հարավկովկասյան և նույնիսկ կենտրոնասիական ուղղություններով մարտահրավերներ ստեղծել մեր անվտանգության համար, խոսում է այն մասին, որ այդ երկրների հետ հարաբերություններն առաջին հերթին ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, իհարկե չափազանց կարևոր են մեզ համար», – հայտարարել է Գալուզինը:

Ընդ որում, Ռուսաստանի մոտեցումն այդ երկրների նկատմամբ հիմնված է ինքնիշխան հավասարության, միմյանց օրինական շահերը հարգելու, ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա:

Գալուզինի տեսանկյունից սա ամենաարդյունավետ հակամիջոցն է արևմտյան երկրների և արևմտյան միավորումների թունավոր փորձերի դեմ՝ խզելու Ռուսաստանի պատմական կապերը նշված պետությունների հետ։

Sputnik Արմենիա