Հայաստանը հետաքրքրված է հնդկական «Pralay» մարտավարական բալիստիկ հրթիռներով։ Այս մասին հայտնում է հնդկական Idrw–ն։
Լրատվամիջոցը նշում է, որ Ադրբեջանն օգտագործում է իսրայելական «Barak-8» զենիթահրթիռային համակարգեր, որոնց մշակմանը մասնակցել է նաև Հնդկաստանը։ Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) այդ համակարգը հաղթահարելու համար Երևանը դիտարկում է հնդկական Pralay «երկիր-երկիր» դասի հրթիռների գնման հնարավորությունը։
Սա փոքր հեռահարության հրթիռ է, որի առանցքային առանձնահատկությունը հետագծի վերջնական հատվածում մանևրելու և թռիչքի ուղղությունը փոխելու ունակությունն է, ինչը «Pralay»–ը որսալու համար չափազանց բարդ թիրախ է դարձնում նույնիսկ այնպիսի ժամանակակից համակարգերի համար, ինչպիսիք են «Barak-8»-ը կամ «С-300»-ը։
Եթե գործարքը կայանա, Հայաստանը կդառնա «Pralay» համակարգի առաջին արտասահմանյան գնորդը։
Նշենք, որ փետրվարի սկզբին Հայաստան էր այցելել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանը։
Sputnik Արմենիա
