Логотип

«ԱՎՐՈՐԱ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ․ ՌՈՒԲԵՆ, ՔՈ ՍՏԵՂԾԱԾ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՈԳԵՇՆՉԵԼ ՄԵԶ

Մենք խստորեն դատապարտում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված անարդար դատավճիռը, որով նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտարարություն են տարածել Արմինե Աֆեյանը և «Ավրորա» մարդասիրական հիմնադրամը։

«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ռուբենին և դիմում ենք միջազգային հանրությանը՝ պաշտպանելու արդարության, մարդու իրավունքների և արդար դատավարության սկզբունքները։

Ռուբենին առաջադրված մեղադրանքները, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղում (Արցախում) նրա մարդասիրական գործունեությանը, անտեսում են մարդու հիմնարար իրավունքները, ինչը մտահոգիչ է։

Տասնամյակներ շարունակ Ռուբենը եղել է կրթության, մարդասիրական օգնության և սոցիալական առաջընթացի անձնվեր պաշտպան՝ իր կյանքը նվիրելով համայնքների հզորացմանը և մարդկային արժանապատվության խթանմանը: 2015 թ․ նա համահիմնադրեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը նրա անսասան նվիրումի վառ ապացույցն է՝ մեծարելու նրանց, ովքեր ուրիշներին պաշտպանելու համար վտանգում են իրենց կյանքը:

Ադրբեջանի ռազմական դատարանի կայացրած վճիռը ոչ միայն մեծագույն անարդարություն է, այլև անասելի ցավ նրա ընտանիքի համար, որն այս ամբողջ ընթացքում անցնելով այս ծանր փորձության միջով՝ բախվել է հսկայական դժվարությունների։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրա կնոջը, երեխաներին և թոռանը, որոնք նույնիսկ այսպիսի ծանր պահին շարունակում են ցուցաբերել աննկարագրելի ուժ։

Ռուբենի գործունեությունը, հատկապես սրվող հակամարտությունների այս ժամանակաշրջանում, արտացոլում է այն արժեքները, որոնց վրա հիմնված է «Ավրորան»՝ կարեկցանք, խիզախություն և մարդկայնության հանդեպ անսասան հավատ։ Նրա դատավճիռը մտահոգիչ ուղերձ է նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրում են մարդասիրական գործին հատկապես այն ժամանակ, երբ տարածաշրջանը բախվում է լուրջ մարտահրավերների՝ հանգեցնելով տասնյակ հազարավոր տեղահանվածների և անհապաղ օգնության կարիք ունեցողների խնդրին։

Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր հանձնառությանը՝ աջակցելու Ռուբենի ընտանիքին, պայքարելու հանուն նրա ազատության և պաշտպանելու բոլոր նրանց իրավունքները, որոնց անարդարացիորեն զրկել են ազատությունից։

«Ավրորան» հիմնադրվել է՝ լույս սփռելու խիզախության և մարդասիրական արարքների վրա, որոնք դրսևորվում են նույնիսկ ամենադժվարին պահերին։

Ռուբեն, քո ստեղծած ժառանգությունը շարունակում է ոգեշնչել մեզ, և մենք հաստատուն ենք արդարադատությունը վերականգնելու մեր ջանքերում»։

News.am