Логотип

19 հազար արցախցու քաղաքացիության դիմում մնացել է անպատասխան

Արցախցիները դժգոհում են, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացում բախվում են միտումնավոր խոչընդոտների. առնվազն 19 հազար մարդու ամիսներ շարունակ դիմում ընթացք չի ստանում, գրել է «Հրապարակ» օրաթերթը:

Ըստ պարբերականի զրուցակիցների՝ նոտարների կողմից հայտնաբերվում են ձևական թերություններ, էլեկտրոնային հերթագրումը խափանվում է:

Պարբերականը մանրամասնում է, որ կան անձինք, որոնք դեռևս 2025 թվականի նոյեմբերի վերջերին դիմել են քաղաքացիության համար, սակայն մինչ օրս չեն ստացել: Արցախցիների հաշվարկներով՝ ներկա պահին առնվազն 19 հազար մարդ հայտնվել է բյուրոկրատական քաշքշուկների մեջ:

Թերթը հայտնում է արցախցիների շրջանում առկա կասկածների մասին, որ իշխանությունները կարծում են՝ իրենք «հակաիշխանական դիրքորոշում ունեն, ընդդիմության էլեկտորատն են», ուստի միտումնավոր ձգձգում են փաստաթղթեր տալը, որպեսզի թույլ չտան, որ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցեն:

2023 թվականի սեպտեմբերին Արցախից ավելի քան 100 հազար բռնի տեղահանվածի Հայաստան ժամանելուց հետո կառավարությունն սկզբնական շրջանում նրանց փաստաթղթավորումն իրականացնում էր հատուկ ընթացակարգով:

2024 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել էր Արցախից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ներկայացման կարգը, ըստ որի՝ Արցախում գրանցված և 2023 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ այնտեղ փաստացի բնակված անձինք կարող էին դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Դիմելու վերջնաժամկետ էր սահմանվել 2026 թվականի հունվարի 1-ը:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2024-2025 թվականների ընթացքում շուրջ 35 հազար արցախցի դիմել էր ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, որոնցից շուրջ 30 հազարին արդեն շնորհվել էր: 2025 թվականի դեկտեմբերին ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ քաղաքացիության դիմումների քննարկումը շարունակվում է, և բոլոր դիմումները կքննարկվեն սահմանված կարգով:

Armenia Today