Логотип

Աջափնյակի կրակոցների դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ

Երևանի Աջափնյակ թաղամասում փետրվարի 18–ին տեղի ունեցած արյունալի միջադեպի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նշվում է, որ դեպքի առթիվ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև դեպքին մասնակցած անձանց հիմնական շրջանակը:

Կատարված նախաքննությամբ պարզվել է հրազենի գործադրմամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մեկ անձի սպանություն, ինչպես նաև նույն եղանակով 7 անձանց նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը, ում նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության, սպանության փորձի, խուլիգանության և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Նշված անձին ձերբակալելու որոշում է կայացվել։

«Քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում անհատականացվել են զինված միջադեպի մասնակից մի շարք անձինք: 11 անձի նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի 40-ից ավելի հասցեներում կատարվել են միաժամանակյա խուզարկություններ։ Քննչական կոմիտեն նաև հայտնում է, որ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են քննության համար նշանակություն ունեցող իրեր, առարկաներ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքին մասնակցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար:

Sputnik Արմենիա