Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները ուղղակի ապացույցներ են և ինքնախոստովանություն այն ամենի մասին, ինչի վերաբերյալ մենք խոսել ենք շինծու դատավարությունների ողջ ընթացքում. այս դատավարությունները ոչ թե նպատակ ունեին անհատական պատասխանատվության հարցեր քննարկել, յուրաքանչյուր անձին վերագրելով կոնկրետ արարքներ, այլ Արցախի ինքնորոշման իրավունքի դիմաց վրեժխնդիր էին լինում նշված անձանցից, և ամբողջ այդ ինքնորոշման իրավունքի բեռը փորձ է արվում դնել նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վրա։ Այս մասին News.am–ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Հաջիևի այն հայտարարությանը, թե Ուբեն Վարդանյանի դատավարության ավարտով, իրենք տրամաբանական ավարտն են դրել կոնֆլիկտի։
«Նաև նշեմ, որ խորհրդանշական էր, որ նրանք խոսեցին Խոջալուի ցեղասպանության մասին, և ըստ էության, դատավճիռների հրապարակման օրն էլ պայմանավորված էր փետրվարյան իրադարձություններով, և սա այն պարագայում, երբ Խոջալուի ցեղասպանություն որպես այդպիսին գոյություն չունի և այն հերքված է միջազգային հանրության կողմից։ Խոջալուի այսպես կոչված ցեղասպանության շուրջ ակադեմիական և պատմական վեճերը ամբողջովին պաշտպանվում են խոսքի ազատության իրավունքի համատեքստում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից քննված Ֆատուլաևն ընդդեմ Ադրբեջանի գործն էլ հենց նրա մասին էր, որ անգամ ադրբեջանցիները իրավունք ունեն կասկածի տակ դնելու այդ պաշտոնական վարկածը։
Հիշեցնեմ, որ Ֆատուլաևը Խոջալուի ցեղասպանությունը մերժել էր և նշել էր, որ մարդկային զոհերը արդյունք են եղել ադրբեջանական զինծառայողների գործողությունների, ովքեր լքելուց առաջ մասսայական սպանություններ էին կատարել՝ դրա մեղքը հետագայում փորձելով դնել հայկական կողմի վրա և ադրբեջանական կողմը բնականաբար ենթարկել էր նշված անձին քրեական պատասխանատվության, սակայն Եվրոպական դատարանը պաշտպանեց խոսքի ազատության իրավունքը, նշելով, որ Խոջալուի ցեղասպանությունը, որպես միջազգայնորեն ճանաչված ցեղասպանություն, գոյություն չունի»,– ասել է նա։
Հարցին՝ արդյոք հայկական կողմը պատրաստվում է «դատավճիռներով» դիմել Եվրոպական դատարան, Սահակյանը պատասխանել է. «Այդ դատավարությունները ամբողջովին տեղավորվում են մարդու իրավունքների համակարգի տրամաբանության ներքո, այստեղ այլևս միջազգային մարդասիրական իրավունքը չի գործում՝ հաշվի առնելով, որ մենք չունենք ակտիվ հակամարտություն, սակայն արդար դատաքննության իրավունքը այստեղ առանցքային է և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կարող է եվրոպական վերահսկողություն իրականացնել ադրբեջանական դատարանների գործունեության նկատմամբ։
Մենք տեսնում ենք վիճակի էսկալացիա, եթե նախկինում էթնիկ հայերի իրավունքները խախտում էին իրավապահ մարմինները, զինված ուժերի ներկայացուցիչները, հիմնականում զենք կիրառելու իրավունք ունեցող պետության գործակալները, ապա այս փուլում մենք տեսանք դատարանների կողմից էթնիկ պատկանելիության հիմքով իրավունքների խախտումների ադմինիստրատիվ պրակտիկ, և այս հարցերը կարող են այդ բարձրաձայնվել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում։
Այս դատական համակարգը լավատեղյակ է ադրբեջանական իրողությունների հետ և արդեն իսկ ունի տասնյակ գործեր, որոնցով արձանագրվել է քաղաքական նպատակներով դատական իշխանությունը՝ որպես գործիք օգտագործելը այլախոհների նկատմամբ։ Այս հայտարարությունը ցույց տվեց, որ դատավարությունը առնչվել են գերքաղաքականացված և գերզգայուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցին, ինչը նշանակում է, որ այդ կախյալ դատարանները չէին կարող անաչառ լինել նման զգայուն թեմաներով և մարդու իրավունքների մնացյալ խախտումների հետ համակցված այս հարցերը բարձրաձայնվելու են։
Ընտանիքներ մեծամասամբ հասկանում են իրավական գործընթացի կարևորությունը, այդ գործընթացներում իրենց աջակցությունն են հայտնում, և մենք կարծում ենք, որ անհատական գանգատների հիման վրա հնարավոր է ամբողջովին ցուցադրել միջազգայնորեն Բաքվի դատավարությունների ապօրինի բնույթը»։
