Логотип

Դատարանը փոխել է «18 արդարների» գործով մեղադրյալ Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը

Դատարանը փոխել է «18 արդարների» գործով մեղադրյալ Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը՝ տնային կալանքը փոխարինելով վարչական հսկողությամբ: Որոշումը կայացրել է դատավոր Կարեն Ֆարխոյանը՝ փետրվարի 23-ի նիստում։

Սկզբում դատախազը միջնորդել էր երկարաձգել տնային կալանքի ժամկետը, սակայն մեղադրյալը տեղեկանք է ներկայացրել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ հիվանդացել է փսորիազով: Պաշտպանական կողմը հիշեցրել է, որ տնային կալանքի պայմաններում նա չի կարողանում լուծել ընտանիքի ֆինանսական խնդիրները, ինչն անդրադառնում է նյարդային համակարգի վրա և էլ ավելի է սրում առողջական խնդիրը:

Ի վերջո դատարանը որոշել է, որ տնային կալանքը երկարաձգելու անհրաժեշտություն չկա և որ վարչական վերահսկողությունը կկիրառվի դրա ավարտից հետո: Ալեքսանյանին հանձնարարվել է շաբաթը երկու անգամ ներկայանալ պրոբացիոն ծառայություն, չփոխել բնակության վայրը, չբացակայել տնից ժամը 22:00-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում և չշփվել դատավարության որևէ կողմի հետ, բացառությամբ իր փաստաբանի: Նրան նաև հանձնարարվել է խուսափել զվարճանքի վայրերից:

News.am