2025 թվականին կոռուպցիայի ընկալման համաթիվը 46 է եղել։ Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը։
Նա պարզաբանել է, որ աշխարհում կոռուպցիայի ընկալման համաթիվը չափվում է 1-ից 100 միավորի միջակայքում: Փորձագետը հիշեցրել է, որ 2018 թվականին այս ցուցանիշը կազմել է ընդամենը 35, ինչն արտացոլել է 2017 թվականի արդյունքները: Սակայն դրանից հետո այն կտրուկ աճել է՝ հասնելով 42-ի, իսկ այնուհետև՝ 49-ի:
«2019-20 թվականներին կոռուպցիայի համաթիվը կտրուկ լավացել է՝ հասել մինչև 49-ի, հետո՝ 2022 թվականին իջավ 46-ի ու մինչև 2025 թվականը 46-47-ի շրջակայքում է մնացել: Սա նշանակում է, որ մեզ մոտ լճացում է, ինչը բավականին տհաճ երևույթ է», – նկատել է Հոկտանյանը:
Նա նշել է, որ դրական արդյունքի պատճառը քաղաքացիների չափազանց մեծ սպասումներն են, ինչից հետո որոշակի անկում է արձանագրվել։ «Սովորաբոր երբ համաթիվը 50-ից ցածր է, ինչպես մեր մոտ, նշանակում է, այդ երկրում կոռուպցիան լուրջ խնդիր է համարվում», – պարզաբանել է ՀԿ ներկայացուցիչը։
News.am
