Логотип

Իրանի մոտակայքում` Հորմուզի նեղուցի վրա, կրկին ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է նկատվել

ԱՄՆ–ի և Իրանի միջև լարվածության ֆոնին ԱՄՆ ռազմածովային ուժերի Boeing P-8A Poseidon հակասուզանավային հետախուզական ինքնաթիռը կրկին նկատվել է Հորմուզի նեղուցի վրա (Իրանի սահմանի մոտ)։ Այս մասին թռիչքի տվյալների հիման վրա հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հետախուզական ինքնաթիռը, որը պարբերաբար թռիչքներ է կատարում Իրանի սահմանների մոտ, մեկնել է Բահրեյնից ժամը 17:18-ին (Մոսկվայի ժամանակով) և արդեն մոտ չորս ժամ պտույտներ է կատարում Հորմուզի նեղուցի վրա։

Այսօր ավելի վաղ New York Times-ը, հղում անելով քննարկումներին ծանոթ անձանց, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին լայնածավալ հարված հասցնելու հնարավորությունը, եթե բանակցությունները կամ սկզբնական սահմանափակ հարվածը ցանկալի արդյունքներ չտա։

Փետրվարի 20–ին ԱՄՆ նախագահը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ծրագրում է սահմանափակ հարվածներ հասցնել Իրանին, հայտարարել էր, որ նման հնարավորություն դիտարկում է։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը նույնիսկ ԱՄՆ-ի կողմից «սահմանափակ հարվածը» կդիտարկի որպես ագրեսիայի ակտ։

Sputnik Արմենիա