Նախագիծն, ըստ էության, հիմք չունի, «հող չունի իր տակ», որովհետև նման նախադեպ չենք ունեցել։ Այս մասին ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նշենք, որ քննարկվում է ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։
Գալստյանի խոսքով՝ Մայր Աթոռի տարբեր հոգևորականներ նշել են, որ ընդհանրապես դեմ են պաշտամունքային կառույցների՝ եկեղեցիների, վանքերի և վանական համալիրների որևէ ձևով օտարմանը, բայց նաև չկա որևէ փաստ, երբ պետական ցանկում ներառված նմանատիպ պաշտամունքային կառույց երբևէ օտարվել է։
Ըստ պատգամավորի՝ նախագիծը ինքը դիտարկում է որպես Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սանձազերծված արշավանքի և դրա նսեմացման մի մաս։
«Սա մտացածին նախաձեռնություն է և, այսպես թե այնպես, սեփականության իրավունքի հետ կապված խնդիրներ չի լուծում»,- նշեց Գալստյանը։
Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորների ներկայացրած նախագծով հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի օտարել ցանկացած երրորդ անձի՝ հատուցմամբ կամ անհատույց՝ բացառապես կառավարության համաձայնությամբ։ Գործադիրը կարող է չտալ այդ համաձայնությունը, եթե կա տվյալ գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ նպատակային օգտագործելու ռիսկ, եթե գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին, կամ ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ խեղաթյուրված։
Aysor.am
