ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մանրամասնել է, թե ինչպես են հաշվարկելու կենսաթոշակի բարձրացումն ու որքան է այն կազմելու։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին հայտարարել է, որ կենսաթոշակը կբարձրանա։ Դա արվում է ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ` ապրիլի 1–ից։
«Կա հիմնական կենսաթոշակ հասկացություն, որը կազմում է 24 000 դրամ։ Այն դառնալու է 34 000 դրամ։ Այսինքն` բոլոր կենսաթոշակները, որոնք հաշվարկվում են 24 000 դրամը ներառյալ, այսուհետև հաշվարկվելու են 34 000 դրամով, հետևաբար բոլորի կենսաթոշակները բարձրանալու են 10 000 դրամով։ Բարձրանալու է նաև նվազագույն կենսաթոշակը, որն այս պահին 36 000 դրամ է, հետևաբար այն դառնալու է 46 000 դրամ։ Դա նշանակում է, որ նաև բարձրանալու է ծերության նպաստը։ Դա այն կենսաթոշակն է, որը վճարվում է քաղաքացիներին, որոնք բավարար աշխատանքային ստաժ չունեն»,- ասաց Թորոսյանը։
Վստահեցրեց՝ դրանից ցածր կենսաթոշակ կամ նպաստ չի լինելու։
Բարձրանալու են նաև հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները։ Առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողների, ինչպես նաև միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց համար թոշակը կբարձրանա 10 000 դրամով։ 36 000, 37 500 և 39 000 դրամի փոխարեն դրանք դառնալու են 46 000 դրամ, 47 500 և 49 000 դրամ։
Թորոսյանը նաև ընդգծեց, որ պատրաստվում են բարձրացնել զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները։ Այստեղ բարձրացումները մի փոքր այլ կլինեն․ միջին բարձրացումը մոտ 8000 դրամ կլինի, բայց որոշ դեպքերում էլ կլինի 10 000 կամ 15 000 դրամ։ Որոշ դեպքերում մի փոքր ավելի ցածր կլինի այդ բարձրացումը։ Ըստ նախարարի՝ այս կենսաթոշակները բավականին բարձր են, միջինը մոտ 100 000 դրամ է։
«Բարձրանալու են նաև որոշ քաղաքացիների վճարվող կենսաթոշակները, որոնք համեմատաբար ցածր են։ Օրինակ՝ կերակրողին կորցնելու կենսաթոշակը։ Ապրիլի 1-ից բոլորն այդ տարբերակով են ստանալու, չհաշված հետվճարը 20 տոկոսի չափով»,- ասաց Թորոսյանը։
Հիշեցնենք, որ ընդամենը 2 ամիս առաջ՝ ՀՀ 2026 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթ ունենալիս Փաշինյանը չէր հասկանում, թե ինչու պետք է իրենք կենսաթոշակը բարձրացնեն։ Նա վստահ էր՝ բարձրացնելու դեպքում, թոշակառուն չի իմանալու ինչպես արդյունավետ օգտագործել այդ գումարն իր առողջության համար։ Ընդամենը 2 ամիս առաջ վարչապետը վստահ էր, որ մարդու համար առաջնահերթ է առողջապահության հարցը ու ապահովագրման համակարգի միջոցով կենսաթոշակառուները գուցե 10 000 դրամի փոխարեն 20 000, 30 000 կամ գուցե 500 000 դրամի ծառայություն ստանան։
Հավելենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ հոկտեմբերին հայտարարում էր, որ այս պահին հնարավոր չէ կենսաթոշակները բարձրացնել։ Նա նաև նշում էր, որ կենսաթոշակները չբարձրացնելով իրենք խրախուսում են, որպեսզի ավելի շատ թոշակառու օգտվի հետվճարի ծրագրից ու ընդգծում էր՝ արդեն 350 000 քաղաքացի օգտվում է դրանից։
Sputnik Արմենիա
