Логотип

ԱՄՆ-ը նոտա է հղել Ուկրաինային ՝ Սև ծովում ռուսական նավթային օբյեկտին հարվածելու կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն անսովոր քայլ է ձեռնարկել՝ զգուշացնելով Ուկրաինայի կառավարությանը այն մասին, որ անցյալ տարեվերջին Սև ծովում գտնվող ռուսական նավթային օբյեկտին հասցված հարվածները վնասել են Ղազախստանում ԱՄՆ ներդրումներին։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինան, հաղորդում է CNN-ը։

«Մենք լսել ենք, որ Նովորոսիյսկի վրա ուկրաինական հարձակումներն ազդել են ամերիկյան որոշ ներդրումների վրա, որոնք իրականացվում են Ղազախստանի միջոցով։ Եվ մենք Պետդեպարտամենտից լսել ենք, որ պետք է ձեռնպահ մնանք, դե գիտեք, ամերիկյան շահերին հարվածելուց»,- նշել է Ստեֆանիշինան։

Ուկրաինայի դեսպանը պատմել է, որ այս կապակցությամբ ԱՄՆ Պետդեպարտամենտից ստացել է դեմարշ, որը պաշտոնական դիվանագիտական ծանուցում է։

Միևնույն ժամանակ, դեսպանը հստակեցրել է, որ ԱՄՆ-ն Կիևին չի առաջարկել ընդհանրապես հրաժարվել ռուսական ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելուց։

«Սա կապված է եղել այն փաստի հետ, որ այնտեղ շոշափվել եմ ամերիկյան տնտեսական շահերը։ Մենք դա ի գիտություն ենք ընդունել»,- հավելել է Ստեֆանիշինան։

Դեսպանը նշել է, որ Պետդեպարտամենտի ուղերձում ընդգծվում է մի փաստ. ներկայումս ԱՄՆ-ն Ուկրաինայում չունի նույնպիսի տնտեսական շահեր, ինչպիսիք ունի Ղազախստանում։

«Իմ համար շատ, շատ ցավալի էր, որ Ուկրաինայի անկախության 35 տարիների ընթացքում, ունենալով այդքան շատ հնարավորություններ, մենք այդպես էլ չհասանք այնպիսի իրավիճակի, որ կարողանայինք նույնն անել մեր երկրի համար»,- երեքշաբթի օրը լրագրողներին ասել է նա։

Ստեֆանիշինան քննադատել է այն, ինչն ինքն անվանել է «քաղաքական ճնշման բացակայություն», ինչպես նաև Կիևին ծանր սպառազինություն տրամադրելուց հրաժարվելը 2022 թվականի պատերազմի սկզբում՝ հայտարարելով, որ դա Ռուսաստանին թույլ է տվել շարունակել զարգանալ։

«Պատժամիջոցների, ճնշման և ռազմական համակարգերի տրամադրման հարցում վճռականության բացակայության պատճառով մենք ամեն ինչ անում էինք Ուկրաինայի գոյատևման համար, բայց բավարար չէր Ռուսաստանի զարգացումը կանխելու համար»,- նշել է նա։

Ստեֆանիշինան կոչ է արել ԱՄՆ օրենսդիրներին ընդունել Մոսկվայի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրենքը՝ հայտարարելով, որ դրա հետաձգումը դիտարկվում է որպես Ռուսաստանի հաղթանակ։

«Կա՛մ այն պետք է ընդունվի հիմա, կա՛մ մենք պարզապես պետք է խոստովանենք, որ դա անելու ցանկություն չունենք»,— ասել է նա։ «Եթե մենք կարողանանք լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել և ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումը, ապա նրանք չեն կարողանա հրաժարվել բանակցություններից»։

Նոյեմբերի վերջին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սև ծովի Նովորոսիյսկ նավահանգստին՝ վնաս հասցնելով ոչ միայն ռուսական շահերին, այլև Կասպից խողովակաշարային համակարգի առանցքային նավթամուղին, ինչն էլ հանգեցրել է ղազախական նավթի արտահանման զգալի անկման։

Ամերիկյան Chevron ընկերությունը Կասպից խողովակաշարային համակարգի խոշոր բաժնետեր է, որը ղազախական հանքավայրերի նավթը տեղափոխում է Սև ծով՝ հետագա արտահանման համար։

News.am