Логотип

Փոփոխություններ ՆԳՆ-ում․ աշխատանքից ազատված պաշտոնյաներն այսուհետ «կօգնեն» նախարարին

ՀՀ ներքին գործերի նախարարությունում կադրային փոխատեղումներ են եղել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ պաշտոնանկ են արվել Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Խուդինյանը և 2 փոխոստիկանապետները` քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանն ու համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ Կարեն Հակոբյանը։

ՆԳՆ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանն իսկապես ազատվել է պաշտոնից։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։

Պաշտոնից ազատվել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ Կարեն Հակոբյանը, որի պարտականություններն այսուհետ կկատարի ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը։

Եվ 3–րդ հրամանը` պաշտոնից ազատվել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։

Հավելենք, որ Վարդան Վարդանյանն ու Կարեն Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական, իսկ Արթուր Խուդինյանը՝ ՀՀ ՆԳ նախարարի օգնական։

Sputnik Արմենիա