Логотип

Իրանի ԶՈւ շտաբի պետ․ Տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը անկայունության աղբյուր է

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին զգուշացրել է, որ ռազմական ագրեսիայի վերսկսման դեպքում Իրանը ծանր կորուստներ կպատճառի ցանկացած հակառակորդի։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Թեհրանում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ գեներալ-մայոր Մուսավին Իրանն ու Հայաստանը բնորոշել է որպես պատմական խորը կապեր ունեցող հնամենի հարևաններ։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը և վերահաստատել է Հայաստանի զինված ուժերի հետ ռազմական փոխգործակցությունը ընդլայնելու վերաբերյալ Իրանի պատրաստակամությունը։

Իրանցի հրամանատարը նաև նշել է, որ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը հակասում է տարածաշրջանի պետությունների շահերին և հանդիսանում է անկայունության ու անապահովության աղբյուր։

Բարձրաստիճան գեներալը հայտարարել է, որ աշխարհը հեռանում է միաբևեռ կարգերից և միակողմանիությունից։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները չեն ցանկանում հաշտվել այս փոփոխությունների հետ և փորձում են անօրինական միջոցներով պարտադրել իրենց գերիշխանությունը, թեև միաբևեռ համակարգից անցումն անխուսափելի է։

Մեկնաբանելով 2025 թվականի հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմը՝ գեներալ Մուսավին նշել է, որ չնայած կրած վնասներին և հրամանատարների, նվիրյալ գիտնականների ու անմեղ քաղաքացիների զոհվելուն, Իրանի զինված ուժերը ստիպել են թշնամուն հրադադար խնդրել։

Հրամանատարը հավելել է, որ Իրանը երբեք պատերազմ չի սկսել և նախկինում ձգտել է կանխել էսկալացիան ու նվազեցնել կորուստները, սակայն ԱՄՆ-ի գործողությունները հանգեցրել են մոտեցումների փոփոխության։ Նա զգուշացրել է, որ սխալի կրկնության դեպքում Իրանը թշնամուն ծանր կորուստներ կպատճառի։

Անդրադառնալով Հարավային Կովկասի իրադարձություններին՝ գլխավոր շտաբի պետն ասել է, որ Իրանն անկեղծորեն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։

Իր հերթին Սուրեն Պապիկյանը նշել է, որ տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը բխում են բոլոր պետությունների շահերից, և որ Հայաստանը սատարում ու ողջունում է խաղաղության գործընթացը։ Նա Իրանն ու Հայաստանը բնորոշել է որպես երկու բնականորեն նվիրված հարևաններ՝ ընդգծելով, որ ընդհանուր սահմանների կայունությունն ու անձեռնմխելիությունը կենսական նշանակություն ունեն երկու կողմերի համար։

Կողմերը շեշտել են պաշտպանական տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, այդ թվում՝ տեխնիկական բնագավառում և կադրերի պատրաստման հարցում։

News.am