Логотип

ՊԻՊՈՅԱՆ․ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ, ԿՈՂՄԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ, ՄՅՈՒՍԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ես քաղաքական կանխատեսումներ անել չեմ սիրում, բայց կարող եմ ասել, որ ընդդիմադիրները քաղաքական հաշվարկ անել չգիտեն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ հնարավոր ազդեցություն կունենա թոշակների բարձրացումը խորհրդարանական ընտրություններում իշխող ՔՊ-ի համար։

Նրա խոսքով, թոշակի բարձրացման արդյունքը հասկանալու համար պետք է գնալ գյուղեր, մտնել տներ, տեսնել, թե ինչպես են թոշակառուներն ուրախանում, երբ իրենց թոշակը աշխատանքային ստաժի հաշվին բարձրանում է մի քանի հարյուր դրամով։

«Նրանք հաշվարկներ են անել տալիս, ծանոթներ են գտնում, արխիվներն են փորփրում, որ իրենց թոշակն ավելանա 300-400 դրամով։ Մեր մեծագույն խնդիրն այն է, որ հողի վրա խնդիրները չենք չափում, չենք հասկանում, մինչդեռ տեսնում ենք, որ իշխանությունները շատ սիրուն մաթեմատիկա են անում, հասկանում են՝ որտեղ խնդիր ունեն, ի՞նչ են շահում։ Նույն ապահովագրության դեպքում հասկանում են, որ բժիշկներից շատերի մոտ խնդիր է առաջանալու, բայց նաև լավ հասկանում են, որ բժիշկների ընդհանուր ձայների քվեն փոքր է ապահովագրությունից օգտվողների ձայներից»,-ասաց ՀԿ նախագահը։

Նա ընդգծում է, երբ քաղաքական ուժերը չեն ճանաչում հասարակությանը, և ցանկանում են միայն մեղադրանքներ ներկայացնել՝ «դե ժողովուրդը փողոց դուրս չեկավ, հասարակությունը սպառողական է, դրա համար էլ մենք գնացինք նույն ուղղությամբ», արդյունքը վատ է լինում։

«Հասարակությունն ամենևին էլ սպառողական չէ, Հայաստանում սոցիալական բունտեր չեն լինում, ավելին, այս կամ այն սոցիալական հարցով երբ լինում է դժգոհություն, նույն սոցցանցերում քննարկում են, թե երկիր կորցրեցիք, չբողոքեցիք, հիմա եկել եք ԱՊՊԱ-ի կամ այլ հարցո՞վ եք ակցիա իրականացնում։ Ի՞նչ սոցիալական, գոյություն ունի քաղաքական հաշվարկ, կողմերից մեկը կարողանում է իրականացնել, մյուսը չի կարողանում։ Այսքան բան»,-ընդգծեց Բաբկեն Պիպոյանը։

Նրա խոսքով, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին նախորդող շրջանում երկու կողմերը՝ իշխանությունը և ընդդիմությունը խաղացին նույն՝ սոցիալ-տնտեսական բաղադրիչի վրա բացառապես, և այդ բաղադրիչով իշխանությունների քայլը տանելու է նրան դեպի հաղթանակ։

«Հստակ ու սիրուն հաշվարկ են արել, բարձրացված առաջին թոշակը ստանալու են մայիսի 1-ին, քեշբեքը ստանալու են մայիսի 25-ի կողմերը, հունիսի 1-2-ին ստանալու են հաջորդ ամսվա թոշակը»,-ասաց Պիպոյանը։

Panorama.am