Логотип

ՊԻՊՈՅԱՆ․ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐՆ» ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՍԱՑ՝ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՋՐԱՆՋԱՏՈՒՄՆԵՐԸ ՈՉ ԹԵ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵՆ

«Վեոլիա ջուր» ընկերությունը շուրջ 5 ամիս ջրամատակարարումը գրեթե ողջ երկրով գիշերներն անջատելու որոշման պարզաբանմամբ անուղղակի ասում է, որ ստեղծված իրավիճակի մեղավորությունը ոչ թե ընկերության, այլ պետության անգործության հետևանքով է, ուստի պահանջեք ձեր պետությունից. Aysor.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

««Վեոլիա ջուր»-ն անուղղակի խոստովանում է, որ մենք գործ ունենք պետության չկառավարման հետ, և բաց տեքստով խոսվում է բնակֆոնդի ավելացման, շինթույլտվությունների մասին, բայց չի խոսվում՝ ներողություն, իսկ ո՞վ պետք է հաշվի առներ շինթույլտվությունից առաջ մեր ենթակառուցվածքների հզորությունները։ Խոսում է՝ ջուր քիչ ունենք, այն դեպքում, երբ ունեցել ենք առատ տեղումներ, իսկ ի՞նչ չենք արել, որ քիչ ունենք։ Այսինքն՝ սա ուղիղ խոստովանություն է, որ պետական կառավարման բացակայության հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ, որ չեն կարողանում 24-ժամյա ջուր ապահովել»,- ասաց Պիպոյանը։

Ինչ վերաբերում է ընկերության դիտարկմանը, թե ջրանջատումներով նաև գիշերային ժամերին ջրի կորուստներն են փորձում կանխել, ըստ Պիպոյանի, սև ինֆորմացիան վարդագույն բանտիկով փաթեթավորելու փորձ է։

«Երբ բոլոր քաղաքացիներին տեղեկացնում են, որ գիշերները ջուր չեք ունենալու, մի բարի բան պետք է դնեին այդ ինֆորմացիայի մեջ, այսինքն՝ ինֆորմացիան վարդագույն բանտիկով փորձել են փաթեթավորել։ Ինչ է ասել՝ գիշերային ժամերին կորուստ չունենանք. այն, որ մարդը շոգում է, +42 աստիճան և մի հատ էլ գիշե՞րն է մտնում բաղնիք, թե՞ բակում նստում են, շնչահեղձ են լինում, մի քանի կաթիլ ոտքի տակ ջուր են բաց թողնում։

Եթե նկատի ունեն՝ ոռոգման նպատակով են օգտագործում, ապա պետք է հայտարարությամբ ուղիղ ասեին, որովհետև հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ եք արել, որ քաղաքացին խմելու ջուրը չօգտագործի ոռոգման նպատակով, քանի՞ սանտիմետր եք ոռոգման համակարգի վերականգնման ուղղությամբ աշխատանք արել, որովհետև եթե մարդն ունի հող, ծաղիկ կամ այլ մշակաբույս, պետք է ջրի, եթե ոռոգման ջուր չկա, ինչով ջրի, քանի որ սա էլ է պետության ուղիղ պարտավորությունը։ Սեփական պարտավորությունը չանելու մասին գտել են հեշտ բան՝ կորուստներից խուսափելու համար… դա բացառապես վարդագույն ժապավենն է»,- ասաց նա։

ՀԿ նախագահն ի պատասխան այս որոշմանը՝ հայտարարում է. «Ես էլ առաջին հերթին ասում եմ՝ իշխանություննե՛ր՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողո՛վ, ՀԷՑ-ին սազանդարություն անելու փոխարեն գնա բեր այնպիսի իրավակարգավորում, որ Վեոլիան ոնց ուզի՝ հաշվիչը չփոխի և մարդկանց վրա ավել գումարներ չգրի, Ջրային կոմիտեին ասի՝ ո՞նց է եղել, որ այս տարի տեղումները շատ են, բայց ջրի դեֆիցիտ ունենք, մնացած կառույցներին ասի՝ ո՞նց եղավ, որ ջրամբարները չկառուցեցին, և նմանատիպ բազմաթիվ այլ հարցեր»։

Ի դեպ, Պիպոյանը հույս ուներ, որ ընկերությունը նման որոշման է հանգել բարի միտումով։

«Գիտենք, որ սեզոնին մեր հասարակությունը դժգոհում էր ջրի որակից, որովհետև էականորեն ավելանում են ջրի սպառման ծավալները, աղբյուրների ռեսուրսը չի հերիքում և ստիպված են այլ ռեսուրսներից օգտվել, ինչն էլ ազդում էր ջրի որակի վրա, և չէր բացառվում, տեսականորեն լիներ այնպիսի մեկնաբանություն, որ 17 ժամ ունենայինք բարձր որակի ջուր, ոչ թե ցածր որակի ջուր, ինչպես ունեցել ենք նախորդ տարիներին։ Բայց, ցավոք, հայտարարությունում այդ հուսադրող տարրը չկար»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ «Վեոլիա ջուրը» հայտնել էր, որ մայիսի 1–ից մինչև սեպտեմբերի 16–ը գիշերները կանջատի ջրամատակարարումը գրեթե ողջ երկրով մեկ։

Aysor.am