Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր և եղբորորդու՝ Գևորգ Ներսիսյանի և Համբարձում Ներսիսյանի գործով ապացույցներ ուսումնասիրվեցին: Այս փուլում հետազոտվեցին տեսաձայնագրությունները: Ներսիսյանների փաստաբան Սմբատ Մինասյանը տեսաձայնագրությունները դիտելուց հետո դատարանում հայտարարեց, որ գործով վկայի ցուցմունքը փաստացի հերքվեց:
Նշենք, որ նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։
«Տեսանյութով տեսանք` երբ է Համբարձում Ներսիսյանին պատկանող «Toyota մակնիշի մեքենան մտնում բակ և դուրս գալիս: Փաստվեց, որ բակից դուրս գալն ու վերադառնալը տևել է մոտ 30 րոպե, և մեքենան բակում վերջնական կայանվել է մինչև քարոզարշավի սկսվելը: Դատարանի ուշադրությունը հրավիրում եմ այդ հատվածի վրա, քանի որ որոշ անձինք ցուցմունք տալիս ասել են, թե այդ մեքենան քարոզարշավի ժամանակ պտտվել է գյուղով: Վկա Գառնիկ Ղազարյանն իր ցուցմունքում ասում էր, թե իբր ենթադրյալ միջադեպի ժամանակ այդ մեքենան տեսել է բակում, սակայն տեսագրությամբ հերքվեց այդ հանգամանքը»,– ասաց Մինասյանը:
Այսօրվա նիստն ավարտվեց: Հաջորդ նիստերի ժամանակ կհարցաքննվեն մեղադրյալներ Գևորգ և Համբարձում Ներսիսյանները:
Գարեգին Երկրորդի եղբոր և եղբորորդու՝ Գևորգ Ներսիսյանի և Համբարձում Ներսիսյան գործով հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 23-ին՝ 16:00-ին, ինչպես նաև ապրիլի 6-ին՝ ժամը 16:00-ին։
Sputnik Արմենիա
