Логотип

Որ եկամուտները չեն հայտարարագրվի. կառավարությունը ցանկ հաստատեց

ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկում է հայտարարագրման ենթակա չհամարել նվերներ և ժառանգություն, պարտքով տված գումարները՝ մինչև 1 մլն դրամի փոխառությունները, անձնական գույքը՝ բացի հողամասերից, մեկ այլ ֆիզիկական անձի վաճառելիս ստացված մինչև 1 մլն դրամը, ոչ առևտրային կազմակերպություններից ստացված մինչև 1 մլն դրամի ակտիվները կամ ծառայությունները։

Ընտանիքի անդամներից ստացված նվերներն ու գումարները ևս հայտարարագրման ենթակա չեն:

Նախագիծը զեկուցող ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մանրամասնեց, որ ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, ծնողը, քույրը, եղբայրը, պապիկն ու տատիկը:

«Առաջարկվում է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող, այսինքն՝ չհարկվող, եկամուտների տեսակներ և շեմեր: Մասնավորապես, հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները՝ առանց գումարային սահմանափակման, ընտանիքի ոչ անդամի կողմից մինչև 1 մլն ստացված գումարը»,- ասաց նախարարը:

Օրինագծի փոփոխությունները կքննարկի ՀՀ ԱԺ–ն։

Հիշեցնենք` Ազգային ժողովը հոկտեմբերի 24–ին ընդունեց «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները, որոնք պարզեցնում են պարտադիր հայտարարագրումը։ Այսպիսով, ֆիզիկական անձանց կողմից ստացվող վարկերն ու փոխառությունները չեն ներառվի հայտարարագրման պարտադիր դաշտերի մեջ։ Ընտանիքի անդամների (մայր, որդի, քույր, եղբայր, տատիկ, պապիկ) միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի, դրանք հարկման ենթակա չեն։

Sputnik Արմենիա