Դա մեզ հետ համաձայնեցրած չի եղել։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ անդրադառնալով նախօրեին «Վեոլա ջուր» ընկերության հայտարարությանը, ըստ որի, մայսիից սեպտեմբերի գրեթե ողջ երկրով մեծ օրական 7 կամ ավելի ժամով ջրանջատումներ պետք է լինեն։ Այս որոշում հենց երեկ էլ չեղարկվեց։
Հարցին, թե ինչպե՞ս է՝ գնահատում «Վեոլիա ջրի» ներկայացրած տվյալները, փաստարկները, որոնք հիմք էին հանդիսացել նման որոշման համար, նա պատասխանեց. «Այն, որ մենք ունենք սահմանափակ ջրային ռեսուրսներ, հատկապես ամառվա պիկ ամիսներին, դա փաստ է, այսինքն «Վեոլիա ջուրը» չի խաբում, «Վեոլիան» նախապես ասում է՝ ժողովուրդ ջան, ամառվա ամիսներին ես 24–ժամյա ջրամատակարարում չեմ կարողանալու ապահովել, ինչը այդպես է, մենք ունենալու ենք ջրանջատումներ։ Հարցն այն է, թե այդ ջրանջատում ների տևողությունը ինչպիսին պիտի լինի և մարզից մարզ, Երևանի տարբեր թաղամասեր, փողոցից փողոց, ինչպիսի փոփոխություններ են լինելու։
Նույն ժամանակացույցը երեք փողոցների տարբերությամբ հրապարակվել է անցյալ տարվա նոյեմբերին։ Այսպիսի աղմուկ չի եղել, այսպիսի աժիոտաժ չի եղել։
Մենք հիմա բոլորս հասկանում ենք, որ նախընտրական շրջանում ենք, նման թեմաները այո, ոմանց կողմից օգտագործվում են։
«Վեոլիան» ունեցել է պարտավորություն համաձայն կարգի հրապարակելու ժամանակացույցը, որը հրապարակել է։ Մեր խնդիրը «Վեոլիայի» հետ այս պահին այն է, որ այդ ժամանակացույցը մենք կարծում ենք, որ կարելի է լավարկել, ունենալ ջրանջատումների ավելի կարճ հատվածներ, այսինքն ժամերի փոփոխություն լինի, ռեժիմների փոփոխություն լինի։ Տարբեր բնակավայրերում կլինեն տարբեր փոփոխություններ։
Կառավարությունը իր կողմից երեկ ևս վերահաստատել է, որ նպատակային գումարներ է ուղղելու և քայլեր է ձեռնարկելու, որպեսզի լրացուցիչ ջրաքանակներ տեղափոխվեն Երևան»։
Ճշտող հարցին, արդյոք դա պայմանավորված չէ ընտրություններով, և արդյոք հունիսի 7–ից հետո էլի այլ քայլերը արվելու են, Ղալամքարյանն ասաց. «Մենք ծրագիր ունենք, որի գաղափարը հղացել ենք 3 տարի առաջ ու իմ նշանակումից հետո մենք այդ ուղղությամբ շատ ռեալ, կոնկրետ քայլեր ենք արել։ Հիմա չեմ ուզում հայտարարել, թող լինի՝ կհայտարարենք։ Տարբերությունը այն է, որ հաշվի առնելով խնդրի զգայունությունը, կառավարությունը փորձում է օգնել «Վեոլիային», օգնենք ինքներս մեզ, քաղաքացիներին ավելի լավ ռեժիմներով ջրամատակարարում ունենալ։
Ի՞նչ ենք անելու դրա համար, ներդրումային ծրագրերը, որոնց մասին քիչ առաջ նաև ես խոսեցի հանձնաժողովի նիստում, այդ ներդրումային ծրագրերն ենք անելու կապիտալ աշխատանքները ենթակառուցվածքների արդիականացման, թարմացման, նոր ջրաղբյուրներ ենք բերելու և նաև կարգավորումներում անելու ենք որոշակի փոփոխություններ, որոնք բերելու են ռեժիմի փոփոխության։
Երկու շաբաթ մեզ ժամանակ տվեք, մենք կաշխատենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ընկերության գործընկերների հետ և արդյունքների մասին դուք կտեղեկանաք»։
Ղալամքարյանը հավաստիացրեց, որ այն հասցեներում, որտեղ նշված է եղել օրական ջրամատակարարումը 17 ժամ, կլինի ժամերի ավելացում։
News.am
