Համաշխարհային բանկը 70,4 միլիոն եվրո գումարի չափով վարկ կտրամադրի Հայաստանին։ Միջոցները կուղղվեն ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավմանը։ Այս մասին փետրվարի 26-ին Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։ Հայտարարությունը հնչել է «Հայաստանի ջրամատակարարման և ոռոգման բարելավման ծրագիր. Փուլ 1» վարկային համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ, որը կնքվել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև։
Փաստաթղթի հիմնավորման մեջ նշվում է, որ 2025 թվականի սեպտեմբերի 11-ին և 18-ին Հայաստանի Հանրապետությունը և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը ստորագրել են համապատասխան վարկային համաձայնագիրը։ Համաձայնագրի համաձայն՝ Բանկը պարտավորվել է Հայաստանի Հանրապետությանը 70,4 միլիոն եվրո տրամադրել՝ ծրագրի ֆինանսավորման համար։ Հայաստանի կառավարությունն իր հերթին պարտավորվել է համաֆինանսավորել ծրագրի իրականացման հետ կապված հարկերը, տուրքերը և գործառնական ծախսերը, ինչպես նաև այլ ծախսեր, որոնք ենթակա չեն ֆինանսավորման վարկային միջոցների հաշվին։
«Սույն վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը ստորագրման պահից սկսած 180 օր է, իսկ ծրագրի գործողության ժամկետը՝ 5 տարի, որը կգործի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած։ Համաֆինանսավորման համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը 2026 թվականի մարտի 31-ն է», – պարզաբանել է Ղալամքարյանը:
Այս ծրագիրը բաղկացած է հետևյալ հիմնական բաղադրիչներից.
ջրային ոլորտի բարեփոխումներ, գյուղական վայրերի ոռոգման և ջրամատակարարման կլիմայակայուն համակարգերի ու կոյուղու ինստիտուցիոնալ ամրապնդում,
գյուղական վայրերի ջրամատակարարման և կոյուղու բարելավում,
ոռոգման ենթակառուցվածքների արդիականացում և համակարգերի կառավարում,
ծրագրի կառավարում։
Ակնկալվում է նաև ծրագրի համաֆինանսավորում Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից։
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ներդնել ոռոգման և ջրամատակարարման կլիմայակայուն համակարգեր, որոնք կնպաստեն տնտեսական աճին, պարենային անվտանգությանը և տարածքային համաչափ զարգացմանը:
Բավականին տևական քննարկումներից հետո այս նախաձեռնությունը ստացել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: Հարկ է նաև նշել, որ հարցը քննարկվել է արագացված ընթացակարգով:
News.am
