Մենք մինչ օրս վրացական կողմից պատասխան չենք ստացել այն մասին, թե կոնկրետ ի՞նչ են արել մեր տնտեսվարող սուբյեկտները, ինչի պատճառով նրանց բեռնատարները կանգնեցվել են։ Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոստովանությամբ՝ իր համար ևս անհասկանալի իրավիճակ է ստեղծվել բեռնատարների վարորդների հետ կապված։ Նա հայտնել է, որ մի քանի օր առաջ Վրաստանի էկոնոմիկայի նախարարն այցելել է Հայաստան և հայտարարել, որ այդ հարցն իրենց իրավասության տիրույթում չէ, այլ վերաբերում է երկրի ֆինանսական ոստիկանությանը։ «Նա երկու օր հետո կապ հաստատեց իմ հետ և նշեց, որ ինչ-որ ապրանքների հետ կապված ինչ-որ ռիսկեր են տեսել։ Այնուամենայնիվ, ես խնդրել եմ պարզաբանում, թե այդ ինչ ռսիկերի մասին է խոսքը», – նշել է Պապոյանը։
Նախարարը հավելել է, որ չի կարող մեկնաբանել այն խոսակցությունները, թե սա կարող է լինել Վրաստանի խանդոտ վերաբերմունքի դրսևորումը՝ կապված իր տարանցիկ ներուժի հնարավոր թուլացման հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների հավանական ապաշրջափակման ֆոնին:
«Իրականում խնդրել եմ հստակ նշել, թե որ մեքենայի վարորդը ինչ խախտում է արել՝ այսօր, երեկ կամ երեկ չէ առաջին օրը, որովհետև, եթե շատ կոնկրետ ասվի, որ եթե օրինակ այս մեքենայի վարորդը այս մեքենայի փաստաթղերը չի ունեցել՝ դա լրիվ ուրիշ իրավիճակ է, իսկ այն, որ այնտեղ մեքենաներ են կանգնած, իսկ մեզ պարզաբանում էլ չի ներկայացվում, դա այլ իրավիճակ է։ Ես որքան գիտեմ, ինչ-որ մեքենաներ այնուամենայնիվ դուրս են եկել, բայց ինչ-որ խմբաքանակի և մեքենաների հետ կապված խնդիրները պահպանվում են», – հավելել է Գևորգ Պապոյանը։
Հիշեցնենք, որ հայ բեռնատարների վարորդները նախկինում հայտնել էին, որ փետրվարի 12-ից ի վեր Վրաստանից Հայաստան մուտք գործելը դժվարացել է։
News.am
