Արևմուտքը պատրաստ չէ պատասխանատվություն կրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Գորչակովի հիմնադրամի կողմից Երևանում կազմակերպված «Եվրասիական երկխոսություն։ Հայաստան» միջազգային վերլուծական ծրագրի ժամանակ։
Նրա խոսքով՝ մինչև 2022 թվականը Ռուսաստանի և Արևմուտքի դիրքորոշումները հայ-ադրբեջանական կարգավորման հարցում սկզբունքային հակասական բնույթ չէին կրում։
«Արևմուտքը չէր ցանկանում, և առաջ անցնելով՝ ասեմ, որ այսօր էլ չի ցանկանում միջամտել ձեր խնդիրներին՝ պատասխանատվություն ստանձնել տարածաշրջանում վերակառուցման և դրա հետևանքների համար։ Նրա համար սա ընդամենը ավելի մեծ շղթայի՝ Իրան, Թուրքիա, Մերձավոր Արևելք, մի մասն է։ Դրանք տարածաշրջանի ընկալման տարբեր դիտանկյուններ են», – նշել է Մարկեդոնովը։
Հենց սա է պատճառը, որ, ըստ նրա, արևմտյան երկրները փաստացի թույլ տվեցին Մոսկվային առաջատար դեր խաղալ բանակցային գործընթացում՝ համարելով, որ այս ուղղությունը լուրջ քաղաքական դիվիդենտներ չի բերի։ Մինչդեռ ձախողման դեպքում պատասխանատվությունը կարող էր դրվել Ռուսաստանի վրա։
Իրավիճակը փոխվեց 2022 թվականին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկով։ Եթե նախկինում Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները կառուցվում էին առանձին տարածաշրջաններում ընտրողական մրցակցության և համագործակցության մոդելի հիման վրա, ապա 2022 թվականից հետո Մոսկվան սկսեց ընկալվել որպես համակարգային հակառակորդ։
«Ուկրաինական պատմությունը մոբիլիզացրել և շատ առումներով համախմբել է Արևմուտքին։ Լիարժեք միասնության մասին խոսելը գուցե վաղաժամ է, սակայն համախմբվածության մակարդակը զգալիորեն բարձր է, քան նախկինում։ Կովկասում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական կարգավորման ոլորտում, Արևմուտքը մեզ համար դարձել է և՛ մրցակից, և՛ հակառակորդ», – հայտարարել է քաղաքագետը։
Նրա գնահատմամբ՝ նպատակներից մեկը տարածաշրջանում Ռուսաստանի դերի նվազեցումն էր։ Այս համատեքստում նա հիշատակել է Հայաստանի կառավարության 2022 թվականի որոշումը՝ պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս՝ նշելով, որ այդ քայլին ակտիվորեն դրդում էին արևմտյան գործընկերները, մասնավորապես Ֆրանսիան։ Նա որպես լրացուցիչ գործոն նշել է Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակը, որի ֆոնին Երևանում ուժեղացել են արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու գաղափարները։
Միևնույն ժամանակ, Մարկեդոնովն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ չէ, որ անթերի է գործել, հատկապես տեղեկատվական աշխատանքի մասով։
Նա նշել է, որ Մոսկվան շարունակում է Հայաստանի համար կարևոր գործընկեր մնալ ոչ միայն անվտանգության, այլև էներգետիկայի, ենթակառուցվածքների և առևտրի ոլորտներում։ Ռուսաստանը հայկական ապրանքների և աշխատուժի համար խոշոր շուկա է մնում։
Խոսելով Արևմուտքի հետ ինտեգրման հեռանկարների մասին՝ քաղաքագետը նշել է, որ Եվրամիությանը միանալը տեսանելի հեռանկարում իրատեսական չի թվում։
«Նույնիսկ Երևան այցելած էմիսարները խոսում էին 12 տարվա մասին։ Սակայն այդ 12 տարիները դեռ պետք է ապրել, դրանք մի քանի ընտրական փուլեր են», – նշել է նա։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ հնարավոր փոխգործակցությանը, ապա խոսք չկա հավաքական անվտանգության համակարգում Հայաստանի լիարժեք ընդգրկման մասին, արևմտյան գործընկերների հայտարարություններն էլ հիմնականում դեկլարատիվ բնույթ են կրում։
Մեկնաբանելով առաջիկայում խաղաղության համաձայնագրի կնքման մասին հայտարարությունները՝ Մարկեդոնովն ընդգծել է, որ փաստաթուղթը դեռ ստորագրված չէ և մի շարք առանցքային հարցեր չի լուծում, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին Ադրբեջանի պահանջը։
Sputnik Արմենիա
