Պետդուման այսօրվա լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է խորհրդային ժողովրդի ցեղասպանության փաստը ժխտելու և ցեղասպանության զոհերի հիշատակը վիրավորելու համար մինչև 5 տարվա ազատազրկման քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծը:
Փաստաթղթով առաջարկվում է լրացում կատարել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 243.4-րդ և 354.1-րդ հոդվածներում՝ քրեական պատասխանատվություն նախատեսելով խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի գերեզմանները ոչնչացնելու, վնասելու կամ պղծելու, ինչպես նաև այդ փաստը ժխտելու և նման հանցագործության զոհերի հիշատակը վիրավորելու համար:
Ինչպես ավելի վաղ նշել էր Վյաչեսլավ Վոլոդինը, նացիստական օկուպացիայի զոհ է դարձել ավելի քան 13 միլիոն մարդ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ, կենդանի թաղվածներ, համակենտրոնացման ճամբարներում և բժշկական փորձերի արդյունքում կտտանքների ենթարկվածներ։ Նրա խոսքով`նույնիսկ ութ տասնամյակ անց նացիստական հանցագործությունների ապացույցները շարունակում են փաստաթղթավորվել, և Ռուսաստանի 33 տարածաշրջանների դատարանները դրանք ճանաչել են որպես խորհրդային ժողովրդի դեմ ցեղասպանություն։
Պետդումայի նախագահն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունները թույլ կտան ուժեղացնել պատմական հիշողության իրավական պաշտպանությունը, ավելի արդյունավետորեն դիմակայել ֆաշիստների գործողությունները «սպիտակեցնելու» փորձերին և նացիզմի վերականգնմանը: Նա հավելել է, որ այդ վայրագությունները արդարացում չունեն և չեն կարող ունենալ, չի կարելի թույլ տալ, որ դրանք կրկնվեն։
Sputnik Արմենիա
