Логотип

Նա հանցակից է․ Ռոբերտ Քոչարյանն իր 1,5 տարվա կալանքի համար մեղադրում է Հայկ Հովհաննիսյանին

Դատախազ Հայկ Հովհաննիսյանը հանցանքի մասնակից է։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` նշելով, որ ինքը 1,5 տարի առերևույթ ապօրինի կալանք է տարել, որի «մեղավորներից» մեկը Հայկ Հովհաննիսյանն է։

«Այդ ժամանակահատվածի մեծ մասը եղել է նախաքննական փուլում, և դատական նիստերի ժամանակ սա ամբողջությամբ ներկայացնում է քննչական խմբի ղեկավարը․ հիմա ներկա դատախազը սրա հետ առնչություն ունի՞, թե՞ չունի։ Ես հիմա նստած պետք է նայեմ մի մարդու, իր հայտարարություններին, որն ուղղակի մասնակից է եղել իմ ապօրինի կալանքին։ Փաստաբաններն ամեն նիստի ժամանակ ասում էին՝ հոդվածը հակասահմանադրական է, իսկ քննչական խմբի ղեկավարներն ու մասնակից դատախազներն իրենց «ճղում էին», որ այդպես չէ։ Ինձ համար սա ենթադրվող հանցագործություն էր, և նա ինձ համար հանցակից է»,- նշեց նախագահը։

Նշենք, որ Հհակակոռուպցիոն դատարանում քննվում է մեղադրող կողմի միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին նոր մեղադրանք առաջադրելու վերաբերյալ։

Փաստաբան Միհրան Պողոսյանը նախորդ նիստում միջնորդություն էր ներկայացրել դատախազ Հայկ Հովհաննիսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ։

Պաշտպանը նշել էր, որ այժմ դատախազ Հովհաննիսյանը նախկինում Քոչարյանի և մյուսների գործով գործով ներգրավված է եղել որպես քննիչ, չնայած օրենքի «քննչական և պաշտպանական գործառույթների տարանջատում» պահանջին։ Հետևաբար, դատախազը չի կարող օբյեկտիվորեն գնահատել իր սեփական քննության արդյունքները։ Նախորդ նիստում, երբ ներկայացվել էր միջնորդությունը, դատախազը հայտարարել էր, որ այն անհիմն է ու պետք է մերժվի։

«Դատախազի հնարավոր կողմնակալության վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել, և Հովհաննիսյանի՝ գործի կողմ լինելու պնդումն իրականությանը չի համապատասխանում»,- նշեց գործով դատավոր Սարգիս Պողոսյանը՝ մերժելով Միհրան Պողոսյանի ներկայացրած միջնորդությունը։

Դատավորը վստահեցրեց՝ դատախազի կողմից որևէ խախտում կամ խախտելու փորձ նկատելու դեպքում ինքը կարձագանքի։

Հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա մարտի 4–ին։ Քոչարյանի և մյուսների պաշտպանները մտադիր են միջնորդություն ներկայացնել գործը կարճելու մասին:

Նշենք, որ գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1–ի ողբերգական իրադարձություններին: ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերրտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին սկզբում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով («Սահմանադրական կարգի տապալում»):

2021 թվականին Սահմանադրական դատարանն այս հոդվածը համարեց Սահմանադրությանը հակասող, և գործը կարճվեց: Սակայն 2023 թվականին գործը վերաբացվեց զրոյից՝ միաժամանակ նոր ընդունված Քրեական օրենսգրքում նոր հոդված ներմուծելով՝ նոր մեղադրանք առաջադրելու համար:

Դատարանը համաձայնություն տվեց այս մեղադրանքի, սակայն բախվեց նոր խնդրի. նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ու ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանն այժմ ԱԺ պատգամավորներ են, ինչը նշանակում է, որ նրանք անձեռնմխելիություն ունեն:

Sputnik Արմենիա