«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցելու 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նման որոշում է կայացվել գործադիր մարմնի նիստում։
Նիստի ընթացքում կուսակցության գործադիր մարմնի անդամները քննարկել են ՀՀ ներքաղաքական իրավիճակը, առկա ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նախընտրական փուլին բնորոշ զարգացումները։ Արձանագրել են, որ իշխանափոխությունը գերակա առաջնահերթություն է, որը բխում է պետության ռազմավարական նպատակներից։
««Հայրենիքի» գաղափարական հիմքերը, ծրագրային առաջնահերթությունները և Հայաստանի ապագայի վերաբերյալ ռազմավարական պատկերացումները տարբերվում են քաղաքական դաշտում գործող մյուս ուժերի մոտեցումներից։ Արդյունքում դաշինքի ձևավորումը դառնում է ոչ իրատեսական։ Նպատակ ունենք հնարավորինս նպաստել ընդդիմադիր ձայների համախմբմանը, և մյուս կողմից չգնալ գաղափարական հիմք չունեցող, արհեստական դաշինքների»,- ասված է հայտարարությունում։
Նշում են՝ ընդդիմադիր դաշտից ընտրությունների մասնակից ուժերի քանակի մեծացումը կարող է առաջացնել ընտրողների քվեների մասնատում և քաղաքական ռեսուրսների բաշխման անարդյունավետություն, ինչը վերոնշյալ պայմաններում կարող է բացասաբար անդրադառնալ սպասվող ընտրական գործընթացների արդյունքների վրա։
Կուսակցությունը միևնույն ժամանակ հորդորում է կուսակցության անդամներին, համակիրներին և աջակիցներին առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերից ցանկացածին՝ ըստ սեփական նախընտրության։
Կուսակցության գործադիր մարմնի նիստում նաև նշել են, որ ներքաղաքական սուր լարվածությունը շարունակվում է պահպանվել, քաղաքական դաշտը շարունակում է բևեռացված մնալ՝ առանց իրական համախմբող պետական գաղափարախոսության և արժեքային հստակ առանցքի։ Պետական ինստիտուտների նկատմամբ իրավական և բարոյական պատասխանատվության մեխանիզմները գործնականում չեն ապահովում արդյունավետ հակակշիռներ և վերահսկողություն։ Կուսակցությունում վստահ են՝ քաղաքական գործընթացները շարունակում են կառուցվել ոչ ինստիտուցիոնալ տրամաբանությամբ։
Հավելենք, որ «Հայրենիք» կուսակցությունը հիմնադրվել է 2020 թվականի մայիսի 20-ին՝ նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից։
Sputnik Արմենիա
