Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ հանգստյան ժամերգության ավարտին Մայր տաճարում այսօր կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988թ–ին Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված սումգայիթյան ջարդերի զոհերի։ Այս մասին տեղեկացրել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:
«Եկեղեցականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված կոտորածի ենթարկված անմեղ հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։
Sputnik Արմենիա
