Логотип

Իրանը գրոհել է Մանամայի ամերիկյան ռազմաբազան և Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները

Հզոր պայթյուններ են որոտացել Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում. Իրանը հարձակվել է ամերիկյան ռազմաբազայի վրա։

Սև ամպի քուլաները ծածկել են Ջուֆեյրի երկինքը։ Այն Մանամայի շրջաններից է, որի մոտ էլ հենց գտնվում է ամերիկյան ռազմաբազան։ Բահրեյնի իշխանությունները փետրվարի 28–ից տարհանում են Ջուֆեյրի բնակիչներին այն բանից հետո, երբ Իրանը արձակեց իր առաջին բալիստիկ հրթիռները բազայի և Սալման նավահանգստի վրա։ Բացի այդ, փետրվարի 28–ին իրանական անօդաչուն մխրճվել է Ջուֆեյրի բազմաբնակարանն շենքի մեջ, ինչի հետևանքով ավելի քան 10 խաղաղ բնակիչ է տուժել։

Բացի այդ, Իրանը հարվածել է Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին՝ թիրախավորելով Ռաս Տանուրայում գտնվողSaudi Aramco նավթավերամշակման գործարանը: Ինչպես գրում է Bloomberg–ը, գործարանը դադարեցրել է գործունեությունը անօդաչուի գրոհից հետո:

Այս ժամի դրությամբ լայնածավալ ավերածության և հնարավոր հետևանքների վերաբերյալ պաշտոնական հաստատում չկա:

Նախօրեին, Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի մի քանի երկրների վրա Իրանի հարձակումներից հետո, Էր Ռիադը ԱԳՆ է կանչել Իրանի դեսպանին՝ կոշտ արձագանք արտահայտելով։ Էր Ռիադի կառավարությունը հայտարարել է, որ հարձակումները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը և անընդունելի են։

Նշենք, որ Ռաս Տանուրան Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների առանցքային կենտրոններից մեկն է։ Այնտեղ է գտնվում երկրի ամենամեծ նավթավերամշակման համալիրը և Պարսից ծոցի ափին գտնվող կարևորագույն արտահանման տերմինալը։ Ասիայի, Եվրոպայի և ԱՄՆ–ի շուկաներ ուղղված սաուդյան նավթի արտահանման զգալի ծավալներն անցնում են այս հանգույցով։

Sputnik Արմենիա