Հայաստանում մոպեդների, տրիցիկլների և քվադրոցիկլների պարտադիր ապահովագրության գործընթացի կարգավորման անհրաժեշտություն է առաջացել։ Այս մասին մարտի 2-ին՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Նրա խոսքով՝ օրենքի նախագիծը նպատակաուղղված է Հայաստանի տարածքում Կառավարության որոշմամբ սահմանված չափանիշների հիման վրա հաշվառվող ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պահանջի հստակեցմանը։ «Այսպիսով, ընդհանուր օգտագործման ճանապարհներին մոպեդների, տրիցիկլների և քվադրոցիկլների շահագործման համար ապահովագրական պայմանագրի առկայությունը կդառնա պարտադիր պահանջ», – ընդգծել է Ղազարյանը։
Որոշակի քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությունը դրական կարծիք է ստացել մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից։
News.am
