Логотип

Fly One Armenia-ի ինքնաթիռը Մասկատ է ուղևորվել՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիներին տարհանելու

Հայկական Fly One Armenia ավիաընկերության օդանավն մեկնել է Օմանի մայրաքաղաք Մասկատ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին Օմանի տարածքով տարհանելու և Հայաստան վերադարձնելու նպատակով: Այս մասին հայտնում է «Հայկական ավիացիա» ֆեյսբուքյան էջը։

Flightradar24 հարթակի տվյալներով՝ ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Մասկատում։

ՀՀ քաղավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հաստատեցին լուրը, որ Երևանից ինքնաթիռ է մեկնել Օման։

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունը Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին առաջարկել էր հայտ լրացնել Օման, ապա Հայաստան մեկնելու համար։

Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ։ Վնասվել էին Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում Դուբայից, Աբու Դաբիից և Շարժայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։