Логотип

Օրվա մեջ 2 անգամ մի քանի ժամ խփում են․ իրանահայ Արսինեն որդու հետ Հայաստան է եկել

Թեհրանն ամեն օր մի քանի ժամ շարունակ ծանր ռմբակոծության տակ է, հարվածներ են հասցվում նաև բնակելի թաղամասերին։ Ագարակում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց իրանահայ Արսինեն, որը ժամեր առաջ 6,5-ամյա որդու հետ Հայաստան է եկել։

«12-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնյաների տներին կամ զինվորական վայրերին էին հարվածում, բայց հիմա ամեն տեղ խփում են՝ դպրոց, հիվանդանոց։ Անընդհատ չեն խփում, օրվա ընթացքում 2 անգամ, բայց շատ ծանր։ Տեսանք, որ էլ ճար չկա, ստիպված փախել ենք Երևան»,- պատմեց Արսինեն։

Նրա խոսքով՝ Թեհրանում գրեթե բոլոր խանութները փակ են, միայն մի քանի սուպերմարկետ է աշխատում։ Ինտերնետ կապն անջատված է, ժամեր շարունակ անգամ հեռախոսային կապ չի եղել։ Ասում է՝ ճանապարհին խցանումներ չեն եղել, հանգիստ եկել, անցակետ են հասել։ Երևանում տուն ունեն, այնտեղ կմնան, մինչև հասկանան՝ ինչ է լինում։

«Մենք դեռ տուն ունենք Երևանում, բա ինչքան մարդ կա, որ տուն ու տեղ չունի, ի՞նչ պետք է անի։ Հետո էլ տղայիս դպրոցի հարցն է, տարվա կեսն է, չգիտեմ, թե ինչքան կձգվի»,- նշեց Արսինեն։

Ասում է՝ պատերազմը հենց վերջանա, իրավիճակը կարգավորվի, անկասկած կվերադառնան Թեհրան։