Логотип

Փորձագետը գնահատել է Հայաստանի համար Իրանի շուրջ էսկալացիայի հետևանքները

Հայաստանի շահերից չի բխում Իրանի ռազմավարական թուլացումը՝ անկախ նրանից, թե ինչ առավելություններ կարող են Երևանին խոստանալ արտաքին այլ դերակատարների հետ հարաբերությունները։ Sputnik Արմենիայի հարթակում Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Մովսես Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը տարիներ շարունակ Հայաստանի համար հուսալի գործընկեր է:

«Իրանը Հայաստանի համար դեպի արտաքին աշխարհ ելքերից մեկն է։ Այո, մենք հիմա շատ ենք խոսում հաղորդակցության ուղիների ամենատարբեր ապաշրջափակումների մասին, բայց շատ լավ հասկանում ենք, թե ինչ է դրա հետևում թաքնված, և ինչ գին պետք է վճարի Հայաստանն ու համայն հայությունը։ Եվ այդ գինը բնավ համարժեք չէ այն հնարավոր «օգուտներին», որոնք կարող է ստանալ Հայաստանը», – նշել է քաղաքագետը։

Նա հավելել է, որ երկու երկրների հարաբերությունները կարելի է բնութագրել որպես ռազմավարական գործընկերություն, թեև անվտանգության ոլորտում համակարգային և խորացված փոխգործակցություն մինչ օրս չի ձևավորվել: Բացի այդ, փորձագետը հիշեցրել է, որ Իրանը հետևողականորեն դեմ է տարածաշրջանում թուրքական և ադրբեջանական նկրտումներին: