Логотип

Օնուֆրիենկո․ Իրանի դեմ ցամաքային գործողության հավանականությունը 80% է

Իրանի դեմ ամերիկյան ցամաքային գործողության հավանականությունը 80 տոկոս է, և այն կսկսվի Հյուսիսային Իրաքի տարածքից։ Այս մասին Sputnik-ին ասել է ռազմաքաղաքական մեկնաբան Միխայիլ Օնուֆրիենկոն։

Իրաքի հյուսիսում են գտնվում Բաղդադին փաստացի չենթարկվող քրդական ապստամբական ջոկատները։ Ինչպես նշել է փորձագետը, այժմ ուղղաթիռներով ամերիկյան հատուկ նշանակության ուժեր են տեղափոխվում Իրաքի հյուսիս, սակայն Իրան կմտնեն ոչ թե ամերիկացի զինծառայողները, այլ քրդական ստորաբաժանումները: Վաշինգտոնը կխնայի իր զինվորականների կյանքը, հակառակ դեպքում դա աղետալի ազդեցություն կունենա Դոնալդ Թրամփի ժողովրդականության վրա։

«Ամերիկացիների համար քրդերը թնդանոթի միս են, և նրանց զոհելը խնդիր չէ, ինչպես մենք համոզվեցինք Սիրիայի և Ուկրաինայի օրինակներով, որտեղ ԱՄՆ-ն գործում էր ուրիշի ձեռքերով։ Սա իրադարձությունների՝ մինչև մարտի վերջ ամենահավանական զարգացումն է», – կարծիք է հայտնել Օնուֆրիենկոն։

Փորձագետը նշել է, որ, ըստ տարբեր հարցումների, ԱՄՆ-ում Իրանի դեմ ավիահարվածներին աջակցում է ամերիկացի ընտրողների 21-30 տոկոսը: Ցամաքային գործողությանը հավանություն կտան է՛լ ավելի քիչ մարդիկ, իսկ յուրաքանչյուր սպանված ամերիկացի զինվորի համար իշխանությունները ստիպված կլինեն պատասխան տալ, քանի որ աշնանը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են, և դեմոկրատները բաց չեն թողնի հանրապետականների վրա «գրոհելու» նման առիթը։

Օնուֆրիենկոյի կարծիքով` ճիշտ չէ համեմատել Բուշ կրտսերի օրոք Իրաքում տեղի ունեցած իրադարձությունները և Իրանի դեմ ներկայիս ռազմական գործողությունը։ Նա հիշեցրել է, որ Իրաք է ներխուժել 120–հազարանոց ամերիկյան զորախումբ։ Իսկ Իրանն իր տարածքով և բնակչությամբ մի քանի անգամ մեծ է Իրաքից։

Ավելի վաղ Իրանի դեմ ցամաքային գործողություն սկսելու հնարավորության մասին հայտարարել էր Թրամփը: «The New York Post»-ին տված հարցազրույցում նա նշել էր, որ ԱՄՆ-ն կարող է ցամաքային զորքեր ուղարկել Իրան, «եթե անհրաժեշտություն լինի»:

Sputnik Արմենիա