Логотип

Մայր Աթոռի արձագանքն ՝ Ալեն Սիմոնյանին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ կրկին Հայ առաքելական սուրբ եկեղեցուն, մասնավորապես, Ամենայն Հայոց Կաթողիկոսին էր անդրադարձել, ասել էր, թե «եթե արժանապատվություն ունենար Կաթողիկոսը, ինքը կգնար»․․․։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանն Aysor.am-ի հետ զրույցում, արձագանքելով Ալեն Սիմոնյանին, ասաց, որ պետական այրերին պատշաճ չէ նման անպատվաբեր ու անպարկեշտ խոսույթը։

«Ցավոք, նախկինում ևս առիթ ենք ունեցել անդրադառնալու։ Մնում է հուսալ, որ բարձրաստիճան պաշտոնյաներն առավել պատասխանատու կգտնվեն հանրային համերաշխության հաստատման իրենց կոչման ու պարտականության մեջ»,- նշեց Տեր Եսային։

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը ռուսական «Дождь»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայ առաքելական սուրբ եկեղեցու «4-5 բարձրաստիճան հոգևորականներ մանկապղծության մեջ են թաթախված»։

Երեկ, սակայն, նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ դա կեղծիք է, ինքը նման բան չի ասել։

«Ես ասել եմ՝ ենթադրենք ինչ-որ X երկրում ինչ-որ նմանատիպ բան է լինում, և իշխանությունը պետք է նմանատիպ արարքների հետ կապված իր կարծիքը չասի՞։ Թող ինձ դատի տան։ Փաստերի ստուգման հարթակ գոյություն ունի, որը եզրակացություն է տվել, որ երկակի կարող է մեկնաբանվել»,- ասել է Սիմոնյանը։